Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) ապրիլի 26-ին կազմակերպում են հայ-վրացական ՏՏ բիզնես ֆորում, որը տեղի կունենա Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում:
Մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակությունը Վրաստան կմեկնի ապրիլի 25-ին և կվերադառնա ապրիլի 27-ին: Արդեն իսկ ներկայացված են պատվիրակության մեջ մասնակցելու հայտեր Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass, Firm Alpha ընկերությունների կողմից:
Ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` շահավետ համագործակցության հաստատում հայ-վրացական ընկերությունների միջև, հայկական և վրացական ընկերությունների տարածաշրջանային մրցունակության խնդիրներ, ՏՀՏ ոլորտի զարգացման նախաձեռնություններ, համատեղ բիզնես ֆորումներ անցկացնելու, միջոցառումներին մասնակցելու առաջարկներ, ինչպիսիք են` Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Forum և Digitec Expo, իսկ Վրաստանում ICT Business Council կողմից կազմակերպվող Վրաստանի Ինովացիոն միջոցառումները (GITI): Կքննարկվեն նաև հայկական և վրացական ընկերություններում երիտասարդ մասնագետների պրակտիկայի անցկացման առաջարկները:
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ վրացական ՏՏ ոլորտը կարգավորող պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից, ինչպես նաև ՏՀՏ լուծումները կիրառող (տուրիզմ, բանկային ոլորտ) ընկերություններից:











































