Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր Անկարայում հայտարարել է, որ Թուրքիայում առկա քաղաքական անորոշության խնդիրը, որն առաջացել է հունիսի 7-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, պետք է լուծում ստանա նոյեմբերի 1-ի վաղաժամ ընտրություններով:
«Հուսով եմ, որ խնդիրները, որոնց ճանապարհը բացել են հունիսի 7-ի ընտրությունները, կլուծվեն նոյեմբերի 1-ին։ Այդ օրն ընտրություն կկատարվի կայունության ու անկայունության միջև։ Բոլոր կուսակցություններին հաջողություն եմ ցանկանում։ Եթե դրանց արյունքը լինի կայուն կառավարություն ստեղծելը, ապա 2016 թվականին մենք հանդես կգանք բարոյական մեծ վերելքով»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը քննադատել է ընդդիմադիր կուսակցություններին՝ ժամանակավոր կառավարությանը մասնակցելուց հրաժարվելու համար, որը պետք է գործի նախընտրական ժամանակաշրջանում. «Ինչո՞ւ եք հրաժարվում ժամանակավոր կառավարությանը մասնակցելուց։ Նրանք, ովքեր վաղաժամ ընտրությունների անցկացման մասին որոշման պատասխանատվությունը դնում են ինձ վրա, այդպիսով փորձում են քողարկել սեփական սխալ հաշվարկները։ Ի՞նչ է, կարծում եք ժողովուրդը չի՞ տեսնում»։







































