Օգոստոսի 28-ին Բելառուսի Հանրապետությունում տեղի ունենալիք քրիստոնեական ֆիլմերի միջազգային «Մագնիֆիկատ» կինոփառատոնին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպիտակ օր» ֆիլմը (ռեժիսոր՝ Արմեն Գասպարյան): Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսորը, մինչ այս պահը դեռ հստակեցված չէ, թե Հայաստանի Հանրապետությունը որքանով է մասնակցելու ֆիլմի կայացմանը:
«Բանն այն է, որ «Սպիտակ օրը» եղել է հայ-արգենտինական համատեղ ֆիլմ: Արգենտինական կողմը լիովին կատարել է իր պարտավորությունները, և հիմա ֆիլմը պատրաստ է: Հայկական կողմը, սակայն, մինչ այժմ դեռ ոչ մի ներդրում չի արել, ու եթե այս օրերին էլ պատասխան չգա, ապա ֆիլմը, հնարավոր է, ներկայացվի միայն Արգենտինայի դրոշի ներքո,- նշեց կինոռեժիսորն ու հավելեց,- գիտեք, ես գրեթե վստահ եմ, որ չեն էլ պատասխանի: Մեր պետական մարմինների հետ իմ աշխատանքի փորձն է հուշում, բազմաթիվ նախադեպեր ունեմ, որ չեն պատասխանել ու հիմա էլ չեն պատասխանի»:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, կինոռեժիսորը պատասխանեց. «Դե, երևի իրենց ասված չէ, որ պատասխանեն, իրենք էլ չեն պատասխանում: Գիտե՞ք, ես մեր պետական մարմիններին վերաբերվում եմ այնպես, ինչպես Հրանտ Դինքը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերին: Դինքն ասում էր` մի՛ մեղադրեք թուրքերին, որ ժխտում են Հայոց ցեղասպանությունը, իրենք գաղափար անգամ չունեն, թե ինչ բան է դա: Հիմա նույնն էլ մեր մշակույթի նախարարության կամ պետական հանձնաժողովների դեպքում է: Իրենց ասված չէ, օրինակ, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում, երբ աշխարհին ներկայանում ես, ասենք, գերմանացի թուրքի նկարահանած ֆիլմով, ապա դա նույնքան ամոթալի է, որքան այն, որ, ասենք, Ստամբուլի փողոցներում մի թուրք ժխտի Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար դու կարիք ունես լուրջ աշխատանքի, նաև արդեն եղածի համեմատ այլընտրանք ներկայացնող աշխատանքի: Էդ ամենը չի ասվել, ու հետևաբար՝ մեր պաշտոնյաների ու պատասխանատուների մեջ նույնիսկ Հայոց ցեղասպանության թեման ավելի վեր չելավ, քան կոստյումի անմոռուկի նշան ամրացնելը այնպես, ինչպես Հանրապետական կուսակցության նշանն է ամրացված»:
Գյումրեցի կինոռեժիսորը նշեց, որ «Մագնիֆիկատ» կինոփառատոնից հետո «Սպիտակ օր» ֆիլմը կունենա եվրոպական պրեմիերա Իտալիայում: «Քանի որ նախորդ ֆիլմի` Գյումրիի աղքատ երեխաների մասին պատմող «Գողացված մանկություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան ևս տեղի ունեցավ Իտալիայում, ապա որոշեցինք չխախտել ավանդույթը»,- նշեց կինոռեժիսորը:
Նշենք, որ «Սպիտակ օրը» ֆիլմ է Հայոց ցեղասպանության մասին, որտեղ չկան երկխոսություններ ու պաշտոնական ժամանակագրություն: Ֆիլմը հասարակ մարդկանց մասին է, ովքեր ամեն տարի այդ օրն անվերջանալի հոսքով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու: Սյուժեի հիմքում ոչ թե այդ օրվա պաշտոնական մասն է, այլ Ծիծեռնակաբերդ այցելողներն ու ջահերով երթի մասնակիցները՝ իրենց էմոցիոնալ ապրումներով:
«Ֆիլմը դիտելուց հետո նույնիսկ Հայոց պատմությանն անծանոթ մարդը կհասկանա, թե ինչ օր է ապրիլի 24-ը»,- ամփոփեց Արմեն Գասպարյանը:









































