Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշնանը դիտարկելու են իրանական շուկա Sukhoi Superjet 100 օդանավերի մատակարարման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի՝ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։
Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է Sukhoi Superjet 100 օդանավերի գնմամբ։ Կաբուլովը նկատել է, որ իրանական շուկա վերադառնալու փորձեր են կատարում նաև Boeing-ն ու Airbus-ը։ Կաբուլովը հավելել է, որ Ռուսաստանի ու Իրանի միջկառավարական հանձնաժողովն աշնանը գնահատական կտա նաև համատեղ նախագծերի վերականգնման հնարավորությանը, որոնք սառեցվել են Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով։
Կաբուլովն ընդունել է, որ արևմտյան պատժամիջոցները խստապես ազդել են Իրանի հետ ապրանքաշրջանառության վրա, և ռուսական պետական ու մասնավոր մի շարք խոշոր ընկերություններ Իրանի հետ համագործակցության կապակցությամբ հայտնվել են դամոկլյան սրի տակ։
Կաբուլովը հայտարարել է, որ ներկա դրությամբ երկու երկրները մշակում են Իրանից Ռուսաստան ուրանի դուրսբերման մասին պայմանագիրը։







































