Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում օգոստոսի 24-ին ձերբակալվել է ադվենտիստների 7-րդ օր եկեղեցու անդամ 32-ամյա Դավիդը, որի մոտ եղել է նռնականետ, հայտնում է Life Neus-ը: Պարզվել է, որ նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում կրոնական միջոցառումներին, այլև իր աշխարհայացքի և հավատի մասին հայտարարություններ է տեղադրում սոցցանցերում:
Տղամարդն աշխատում է որպես առաքիչ՝ իր ընկերոջ ֆիրմայում: Ֆիրմայի ղեկավարի խոսքով՝ նա բեռների առաքում է իրականացնում Մոսկվայից Մինսկ: Նա նշել է, որ հենց այսօր Դավիդը պետք է վերցներ պատվերը: «Պատվիրատուն Մինսկում է, հատկապես ինչ է պատվիրել, ես չգիտեմ, բայց այնտեղ ոչ մի զենք չպետք է լիներ, իմ տեղեկացմամբ, այնտեղ ինչ-որ ուսումնական մակետներ պետք է լինեին»,- ասել է ֆիրմայի ղեկավարը:
Ավելի ուշ հայտնի է դարձել այն մասին, որ զենքը Բելառուսի քաղաքացու համար է եղել: Պատվիրատուն պնդել է, որ ինքը խնդրել է զենքը հասցնել այդ զինատեսակին նվիրված ֆորումին: «Այդ ֆորումում չկա ռազմական զենք, միայն ուսումնական է: Այն ես ինձ համար եմ գնել, որովհետև զենքերի հավաքածուով եմ զբաղվում»,- բացատրել է գնորդը:






































