Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները շաբաթ օրը հավաքվել էին ոստիկանության Կենտրոնականի շենքի մոտ՝ պահանջելով պատժել տարեց ցուցարար Հակոբ Նազարյանին ապտակած ոստիկան Արթուր Վարդգեսյանին, ինչպես նաև որ վերջինս ներողություն խնդրի Հակոբ Նազարյանից և հանրությունից իր վարքագծի համար։
Հիշեցնենք, որ «հրեշտակաց» գնդից ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը օգոստոսի 21-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ, երբ բախում էր եղել ցուցարարների և ոստիկանների միջև, ապտակել էր տարեց ցուցարարի դեմքին։ Վնասվել էր վերջինիս լսողական սարքը։ Երբ լրահոսը հեղեղվեց ապտակի վերաբերյալ տեսանյութերով, ոստիկանությունը դադարեցրեց «հրեշտակի» լիազորությունները և ծառայողական քննություն նշանակեց նրա գործողությունների նկատմամբ։
Ոստիկանի ագրեսիվ վարքը տեսանկարահանված է, և բոլորն են տեսնում, թե ինչպես է հարվածում ակտիվիստին։ Իսկ ակտիվիստի կողմից որևէ պատասխան չկա։ Սակայն Արթուր Վարդգեսյանը տեղափոխվել է հիվանդանոց, «Առաջին լրատվական»-ի հարցերին նա պատասխանեց հիվանդասենյակում՝ հույժ գաղտնի պահելով իր առողջական խնդիրները։ Նրա հիվանդանոց հայտնվելը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ ոչ մեկը չի նկատել, որ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել, և այդ մասին որևէ կադր չկա այդ օրվա միջադեպը արձանագրած տեսանյութերում։ Մինչ քննությունը կպարզի՝ ինչ է եղել իրականում, և ինչ պատժի կարժանանա «հրեշտակ» ոստիկանը, նախ՝ հարցրինք ակտիվիստների պահանջի մասին։
– Օգոստոսի 21-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ, երբ բախում եղավ ցուցարարների ու ոստիկանների միջև, Դուք ապտակեցիք տարեց ցուցարար Հակոբ Նազարյանի դեմքին, ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը։
-Տվյալ պահին ծառայողական քննություն է ընթանում, որի ժամանակ բացատրություն կլինի, և Դուք կտեղեկանաք դրա մասին, ես իրավասու չեմ այդ մասին պատասխանել։
– Լուրեր կան, որ Ձեր ագրեսիան պայմանավորված է եղել նրանով, որ իբրև ցուցարարը Ձեզ վիրավորել է կամ հայհոյել, ցուցարարներն էլ իրենց հերթին ասում են, որ նման բան տեղի չի ունեցել, և անակնկալ է եղել Ձեր ապտակն իր համար։ Վիրավորանք, հայհոյանք եղե՞լ է։
– Կներեք, չեմ կարող պատասխանել, քանի որ ծառայողական քննություն է նշանակվել, այդ շրջանակներում բոլոր բացատրությունները կտրվեն, և համապատասխան կարգով կտեղեկացվեք։
– Ցուցարարները պահանջում են, որ հրապարակավ ներողություն խնդրեք բոլորից. ի՞նչ եք պատրաստվում անել։
– Նախևառաջ ես հայցում եմ իմ գործընկերների, հանրության, համաքաղաքացիների ներողամտությունը, որովհետև դրսևորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, գիտակցում եմ իմ կատարած սխալը և պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների համար։
– Պահանջում են հրապարակավ գնալ և ներողություն խնդրել Հակոբ Նազարյանից։
– Ես պատասխանեցի Ձեր հարցին, չեմ ուզում կրկնել, ծառայողական քննությունը ամեն ինչ իր տեղը կդնի։
– Այսքանո՞վ եք սահմանափակվում, չե՞ք պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել։
– Ես այսքանով եմ սահմանափակվում…
– Հակոբ Նազարյանը պահանջում է, որ քրեական գործ հարուցվի, և Դուք պատժվեք ըստ արժանվույն։ Նման ընթացք կարո՞ղ է ստանալ գործը։
– Բնականաբար, քաղաքացու իրավունքն է, և համապատասխան կարգով նա կարող է բողոքարկել, և ծառայողական քնությունից ելնելով՝ դա կարող է իր համապատասխան արձագանքը ստանալ։
– Ցուցարարները այնտեղ գտնվող Վալերի Օսիպյանին հարցնում էին, թե արդյոք Դուք զղջո՞ւմ եք Ձեր արածի համար։
– Ես չցուցաբերեցի համապատասխան զսպվածություն տվյալ պարագայում, որի համար նորից եմ կրկնում՝ համաքաղաքացիներից, իմ գործընկերներից, հանրությունից հայցում եմ ներողություն։ Դեպքը տեղի է ունեցել, տհաճ իրավիճակում…. իմ չզսպվածության համար։
– Դուք հիվանդանոցում եք, ինչի մասին ցուցարարները տեղեկացան հենց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության շենքի մոտ։ Սա տարակուսելի է, քանի որ չկան կադրեր, որ Ձեզ հարվածել են, Ձեր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Ինչո՞ւ եք տեղափոխվել հիվանդանոց։
– Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանների մասին Ձեզ կտեղեկացնի։
– Բայց ուշագրավ է… Ձեր՝ հիվանդանոց տեղափոխվելը առնչություն ունի՞ այդ միջադեպի հետ։
– Այո, ծառայողական քննությունը բոլորը կասի, բայց դա կապ ունի այդ միջադեպի հետ։
– Հարվածե՞լ են, ի՞նչ է եղել, Դուք է՞լ եք հարվածներ ստացել, որովհետև կադրեր չկան դրա վերաբերյալ, միայն երևում է, որ Դուք եք ապտակել տարեց մարդուն։
– Նորից եմ կրկնում՝ ծառայողական քննության շրջանակներում պատասխանները կտրվեն ըստ ձևաչափի։
– Ինչու չեք հայտարարում՝ ով է Ձեր նկատմամբ ուժ կիրառել։ Ովքեր որ տեղյակ են միջադեպից, տարակուսած են, որ Դուք հայտնվել եք հիվանդանոցում…
– Ծառայողական շրջանակներում, ես չեմ կարող իմ գործողություններին իրավաչափ գնահատական տալ։ Բոլոր հարցերը կտան քննության վերջնական արդյունքները։
–Այդ միջադեպից հետո քննարկվում է այն, որ անկախ նրանից՝ ցուցարարները ինչպես իրենց կպահեն ոստիկանների նկատմամբ, նույնիսկ եթե հայհոյանք կամ վիրավորանք կհնչեցնեն, պետք է ոստիկանները պատշաճ դրսևորվեն և բռնություն չկիրառեն։ Դուք տեղյա՞կ էիք դրանից, որ անկախ ամեն ինչից, ինչպես կպահի ցուցարարը, նման հակահարված չպետք է տայիք։
– Բնականաբար, այո։ Որպես ոստիկան՝ ես չեմ ցուցաբերել համապատասխան զսպվածություն, գործել եմ ոչ պրոֆեսիոնալ, զղջում եմ արարքիս համար և պատրաստ եմ կրել պատասխանատվություն։
Ավելին՝ տեսանյութում։









































