Երեկ Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստը վարում էր Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ ինքը դեմ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, և ըստ նրա՝ պայքարը պետք է այլ ճանապարհով զարգացվեր. «Եթե պարոն Հովհաննիսյանը հարցներ, ես կասեի, որ ճիշտ չի հացադուլը՝ միանշանակ հարգելով իր որոշումը: Քանի որ ես բնույթով կազմակերպվածության կողմնակից անձնավորություն եմ, ես իրեն խորհուրդ կտայի, որ նա այդ քայլին չգնար, որ նա շարունակեր շրջել Հայաստանով մեկ, Սփյուռքի, ժողովրդի հետ հնարավորինս ակտիվ կապ պահպաներ, ժողովրդին մոբիլիզացներ: Մենք այդ ամբողջ շրջագայությանը կտայինք կազմակերպական տեսք, այդ ամբողջ չարչարանքը միս ու արյուն էր ստանալու, և մենք օր օրի մոտենալու էինք հաղթանակին: Ես հույս ունեմ, դա կլինի առաջիկա մեկ-երկու օրերին»:
Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այսինքն՝ այս օրերին, երբ պարոն Հովհաննիսյանը հացադուլ է անում և չի կարողանում իր բարևարշավը շարունակել մարզերում, շարժումը դրանից անկո՞ւմ է ապրում: Նա պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնեցի: Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլում կան շատ հզոր բաներ, սակայն ոչ բոլորս ենք այս օրերին հասկանում դա: Ավելի ուշ կհասկանանք: Ես այն մտքին չեմ, որ այս շարժումը կարող է մարել»:










































