Գյումրու ավագանին 2012 թ. տարեվերջյան նիստում ՝ դեկտեմբերի 27-ին, իր գործունեության ողջ պատմության մեջ առաջին անգամ ընդունել է ՀՀ կառավարությանը հասցեագրված, աղետի գոտում անօթևանության դեռևս չլուծված խնդրին վերաբերող ուղերձ, որը պատրաստվել էր ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից:
Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 4-ի N 02/24.3/2894-13 հանձնարարությամբ պատասխանել է ուղերձին: Պատասխանում գրեթե նոր բան չի ասվում, բայց այս անգամ առավել բաց տեքստով հայտարարվում է, թե Գյումրու ժամանակավոր կացարաններում ու վագոն-տնակներում մի կերպ պատսպարված հազարավոր անօթևան ընտանիքները պետության վրա հույս չպետք է դնեն: Ուստի կարծում ենք` արժե, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ տրամադրելու ահա 25 երկար ու ձիգ տարիներ ձգձգվող խնդիրը մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ինչպես նաև լրատգրողները, դարձնենք մշտապես քննարկվող թեմա, քանի դեռ պետությունը չի ստանձնել պարտավորություն ու իսպառ լուծել այն:
Ստորև ներկայացնում ենք Գյումրու ավագանու ուղերձն ու պատասխանն՝ ամբողջությամբ:
« Գյումրու ավագանու ուղերձը
ՀՀ Կառավարությանը, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին
Հարգելի պարոն Տ.Սարգսյան,
Լրացավ 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցը:
Գյումրու ավագանին նկատում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված ծավալուն բնակարանաշինությունը, երկրաշարժից արդեն 24 տարի անց աղետի գոտին ամբողջությամբ դեռ չի վերականգնել. տարբեր տվյալներով միայն Գյումրիում երկրաշարժից անօթևան է և տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած և կիսված անօթևան ընտանիքներ, բնակարաններ կորցրած և չհաշվառված, սեփական տներ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթևան ընտանիքների թիվը 1.600-ից ավելի է (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ և այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում և Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն:
Անօթևանության խնդիրը վերջնականապես կարգավորելու, մարդկանց տնակային անտանելի պայմաններից հանելու և քաղաքը տնակներից հիմնավորապես ազատելու համար, հասկանալով, որ մոտավորապես 3 մլրդ դրամ/տարեկան բյուջե ունեցող Գյումրի համայնքը չունի խնդիրը կարգավորելու սեփական միջոցներ, ուղերձով դիմում ենք Ձեզ, կոչելով.
1. Պետության ուշադրության կենտրոնում պահել 1988 թվի երկրաշարժից փաստացի անօթևան դարձած, աճած, կիսված և մինչ օրս տնակներում
ապրող մոտ 2000 ընտանիքներին, անօթևան դարձած, բայց չհաշվառված մոտավորապես 400 ընտանիքներին և սեփական տներ կորցրած ու չհատուցված մոտավորապես 300 ընտանիքներին, հատուկ պետական ծրագիր մշակել նրանց բոլորին պատշաճ կերպով հաշվառվելու և առաջիկա երեք տարում բնակարաններով փոխհատուցելու` ըստ անօթևանության պայմաններում ապրող ընտանիքների անդամների փաստացի թվի:
2. Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարության 1999 թվականի համար 432 որոշումը: Երկրաշարժից անօթևան դարձած, հետազգայում աճած և կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում, ճանաչել որպես պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևաններ:
3.Հատուկ պետական ծրագիր մշակել անօթևանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ) հատուկ կարգավիճակ շնորհելու և առաջիկա երեք տարում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով ապահովելու մասին, որոնցում նրանք անժամկետ և առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան, վճարելով կոմունալ ծախսերի համար միայն:
4. Բացի վերը բերված լուծումները, կիրառել այլընտրանքային լուծումներ, ինչպես օրինակ` անօթևաններից ցանկություն ունեցողներին ընձեռել որոշակի արտոնություններ (անտոկոս վարկեր, էժան շինանյութ, աշխատուժի վճար կամ որպես աշխատուժ` ներգրավում սեփական տան կառուցման աշխատանքներում) տնակներից ազատվելու և իրենց համար սեփական տներ կամ կացարաններ կառուցելու համար:
Հարգելի պարոն վարչապետ, մեր պարտքն է հիշեցնել, որ այս մասին հասարակական գործիչներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն խնդիրը լուծելու իշխանությունների փորձերը և ներդրված ջանքերը եղել են ոչ ամբողջական և անբավարար, իսկ խնդիրը մնացել է և զարգացել: Այժմ էլ, անօթևանության այս խնդիրը շուտափույթ չկարգավորելու կամ դանդաղ կարգավորելու դեպքում, ճգնաժամը խորանալու է` անօթևան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը Գյումրիում դառնալու են անհաղթահարելի»:
« Գյումրու քաղաքապետ պարոն Ս. Բալասանյանին
ՀՀ վարչապետի 2013 թվականի մարտի 4-ի N 02/24.3/2894-13 հանձնարարական
Հարգելի պարոն Բալասանյան,
Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քննարկելով Գյումրի համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 29-ի N 1/1-04/165 ուղերձով ներկայացված` Գյումրի քաղաքի անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունները, հայտնում եմ.
ուղերձում նշված, Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրն առկա է նաև հանրապետության այլ բնակավայրերում: Ընդ որում, հաշվի առնելով բնակարանային պայմանների ու աղքատության կապը` խնդիրն առանձնացված է ՀՀ կառավարության կողմից ընդունված`«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» և ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» տեսանկյունից:
Խնդրի լուծմանն ուղղված զարգացումներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ձևավորվել է ծրագրային մոտեցում: Չնայած ընդունված և իրականացված ծրագրերին, որոնցից իր ծավալով առնձնանում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, հանրապետությունում դեռևս պահպանվում է բնակարանային պահանջարկի բարձր մակարդակ:
Ըստ փորձագիտական գնահատականների հանրապետության բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն մոտ 60 հազար ընտանիք, որոնցից անօթևանի կարգավիճակում են (բնակվում են տնակներում կամ այլ ժամանակավոր կացարաններում) մոտ 30 հազարը:
Ստեղծված իրավիճակում առաջարկվում է Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթևան մնացած մոտ 4300 ընտանիքների (ուղերձի համաձայն) բնակարանային պայմանների բարելավման հարցի քննարկմանը անդրադառնալ հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված նախապես մշակված և ընդունված ծրագրերի շրջանակներում, դրանցով սահմանված չափանիշների համաձայն` ներկայումս աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացման փուլում գտնվող բնակապահովման ծրագրի ավարտից հետո:
Ընդ որում, կարևորում է ծրագրերի համաֆինանսավորման (ՀՀ տարեկան պետական և համայնքային բյուջեներով այդ ուղղությամբ նախատեսված հատկացումների հաշվին, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` արտաբյուջետային աղբյուրների ներգրավման միջոցով) սկզբունքով իրականացումը` փուլային և տարածքային մոտեցումների կիրառմամբ:
Հարկ է նշել, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (15.08.2001թ. ՀՕ-203) ձևավորված պարտավորությունների կատարման ապահովման տեսանկյունից ուղերձում նշված խմբերից առանձնացվում է աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով սեփական բնակելի տուն կորցրած ընտանիքների խնդիրը: Ըստ ուղերձի այդ ընտանիքների թիվը Գյումրի քաղաքում կազմում է մոտ 300, իսկ նախնական տվյալենրի համաձայն Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան ու Դիլիջան քաղաքներում մոտ 1000: Նշված ընտանիքների բնակարանային Խնդիրների լուծման նկատմամբ առաջարկվում է կիրառել աղետի գոտու բնակավայրերում մինչ օրս իրականացված ծրագրերի շրջանակներում ձևավորված մոտեցումները:
Ինչ վերաբերում է ուղերձով ներկայացված` մնացած խմբերում ընդգրկված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարցին, ապա այն կարող է կարգավորվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և ներկայումս շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում գտնվող` «Սոցիալական բնակարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդից սոցիալական բնակարանների հատկացմամբ:
Անդրադառնալով ուղերձում արված` ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432 որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությանը, անհրաժեշտ է նշել, որ նպատակ ունենալով աղետի գոտու բնակավայրերում ներկայումս իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և սահմանված կարգով հաշվառված բոլոր ընտանիքների նկատմամբ կիրառել միանման մոտեցումներ, առաջարկության ընդունումը գտնում ենք ոչ նպատակահարմար:









































