Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը պաշտոնաթող է եղել այն բանից հետո, երբ նրա դեմ հարկերից խուսափելու կասկածանքով հետաքննություն է սկսվել: Այս մասին հայտնում է BBC-ն և հիշեցնում, որ նա հայտնի է որպես հարկերից խուսափելու ոխերիմ թշնամի:
Ավելի վաղ Mediapart-ի կայքում հրապարակվել էր զեկույց այն մասին, որ մինչ 2010 թվականը նախարարը շվեյցարական բանկում գաղտնի հաշիվ է ունեցել: Կայուզակը հերքում է մեղքը:
Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ՝ բյուջեի նոր նախարար կդառնա Եվրոպայի հարցերով նախարար Բեռնար Կազնևը:
Երեքշաբթի դատախազությունը հաղորդել էր շվեյցարական բանկի հաշվի հետաքննման մեկնարկի մասին, որը, ինչպես ենթադրվում է, նախարարը կիրառել է հարկային իշխանություններից իր եկամուտների մի մասը ծածկելու համար:
Քննիչները հայտնել են, որ բավարար ապացույցներ չունեն՝ այժմ նրա դեմ մեղադրանք առաջադրելու համար:
Mediapart-ի կայքում նշվում է, որ գոյություն ունի Կայուզակի և նրա օգնականներից մեկի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նախարարն իբր անհանգստություն է հայտնում UBS բանկում առկա հաշվի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ այդ հաշիվը կիրառվել է գումարները Սինգապուր փոխադրելու համար:
Նշենք, որ Կայուզակը դատական հետապնդում է սկսել կայքի դեմ զրպարտության համար:










































