Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձավ տաքսիների դեղին համարանիշները փոխելու հարցին: Նա ասաց, որ տաքսիների դեղին համարանիշները փոխելը կարդարացվի միայն մի դեպքում՝ եթե այն վարորդները, ովքեր մինչ այժմ դեղին համարանիշներով են վարել մեքենան, ընթացիկ մեկ տարին հարկ չմուծեն, քանի որ այդ համարանիշների համար նրանք արդեն 17 000 դրամ վճարել են:
«Այս կերպ գոնե նրանց սրտին մխիթարանք կլինի, ինչպես նաև մեկ տարի հարկերից ազատելով՝ կառավարությունը նրանց կօգնի չհայտնվել անհարմար վիճակում. սպիտակ համարանիշներ ունեցող տաքսիների վարորդները կծիծաղեն նրանց վրա»։
Նա հավելեց նաև, որ դեղին համարանիշներ ունեցող տաքսու վարորդներն էլ չեն ուզում վերադառնալ նախկին ձևին, քանի որ 4 տարի հարկեր են վճարել, իսկ հիմա պարզվում է՝ այդ ամենն այլևս անհրաժեշտ չէ, և ստեղծվում է անհավասարություն:
Բանախոսի խոսքով՝ իրենք ի սկզբանե դեմ էին դեղին համարանիշներին, սակայն կառավարությունը գնաց այդ քայլին, իսկ այժմ՝ 7 տարի անց, վերադառնում է նախկին ձևին. «Մենք դեմ էինք նաև հավաքակայանների առաջացմանը, բուժզննման և տեխզննման հարցերին, սակայն մեզ չլսեցին»:
Նշենք, որ կառավարության նոր որոշմամբ տաքսիների դեղին համարանիշները պետք է փոխարինվեն սպիտակով, իսկ տաքսին կտարբերակվի մեքենայի ապակիներից մեկի վրա փակցված կպչուն տարբերանշանով։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































