Iran.ru-ի փոխանցմամբ՝ «Փարս» էներգետիկ հատուկ գոտու տնօրեն Մեհդի Յուսեֆին Ասալույեհում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը «Հարավային Փարս» հանքավայրում գազի արդյունահանման ցուցանիշով Կատարին պետք է գերազանցի մինչև 2018 թվականի գարունը։
Յուսեֆին հիշեցրել է, որ «Հարավային Փարս» գազային հանքավայրի մի մասը պատկանում է Իրանին, իսկ մյուս մասը՝ Կատարին։ Յուսեֆին մանրամասնել է, որ գազային հանքավայրի տարածքը կազմում է 9700 կիլոմետր քառակուսի, որից մոտ 6000 քառակուսի կիլոմետրը պատկանում է Կատարին, իսկ 3700 կիլոմետր քառակուսին՝ Իրանին։
Ընդ որում՝ Կատարն այդ հանքավայրի մշակումը սկսել է Իրանից 10 տարի շուտ։ Իրանում հանքավայրի հաջող և փուլային յուրացման համար հստակեցվել է 28 փուլ, որոնցից 10-ն արդեն իսկ ավարտվել է։ Այդ փուլերում գազի արդյունահանման օրական ծավալը կազմել է 270-290 միլիոն խորանարդ մետր։
Յուսեֆիի խոսքով՝ ներկայումս այդ ցուցանիշը հասել է օրական 450 միլիոն խորանարդ մետրի, իսկ հետագայում այն հասնելու է մինչև 800 միլիոն խորանարդ մետրի։
Յուսեֆին ընդգծել է, որ «Հարավային Փարսի» մշակումն իրականացվում է ոչ միայն բնական գազ արդյունահանելու, այլև նավթաքիմիական ու գազավերամշակման ձեռնարկություններին արտադրանքով ապահովելու համար։











































