Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է օրեցօր։ Այսօր՝ վաղ առավոտյան, մեկ դոլարի փոխարժեքը հասել է 3 լիրայի։ Դա պատմական հակառեկորդ է թուրքական լիրայի համար և համարվում է «հոգեբանական սահման»։
Ժամեր անց դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 2.96 լիրայի, ինչը նույնպես համարվում է ռեկորդային ցուցանիշ 2015 թվականի օգոստոսի 20-ին նախորդող ժամանակահատվածի համար։ Մեկ եվրոյի փոխարժեքն իր հերթին վաղ առավոտյան հասել է 3.32 լիրայի, ինչից հետո այն նվազել է մինչև 3.30-3.31-ի։
Տնտեսագետ Ալի Աղաօղլուն նկատել է, որ ոչ ոք չէր ակնկալում, որ թուրքական լիրան կարժեզրկվի նմանատիպ արագ տեմպերով։ Մասնագետը դրա համար մեղադրել է Թուրքիայի Կենտրոնական բանկին (ֆինանսական տեսանկյունից), սակայն հավելել է, որ կան մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում լիրայի փոխարժեքի վրա։
Աղաօղլուն այդ գործոնների թվում հիշատակել է այն, որ ներկայումս ամեն օր լուրեր են ստացվում երկրում բախումների և զինծառայողների զոհվելու մասին, Թուրքիայում կոալիցիոն կառավարության չձևավորվելը, ինչպես նաև Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքումը։









































