Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության երկրորդ ժամկետում առաջին արտասահմանյան շրջագայությունը սկսում է Իսրայել այցելությունից: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Օբաման հանդիպելու է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ և քննարկելու է տարածաշրջանային առանցքային խնդիրներ` կապված Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի հակամարտության, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հետ:
Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Օբաման խոստովանել է, որ տարածաշրջան է գնում առանց պատրաստի ծրագրերի և որոշումների:
ԱՄՆ նախագահի կոմունիկացիոն հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ այցը ձեռնարկվել է ոչ թե նոր նախաձեռնություններ առաջ քաշելու կամ որևէ ուղղությամբ աշխատանքը ամփոփելու նպատակով, այլ այն կարևորվում է նրանով, որ Իսրայելի նոր կառավարությունը և ԱՄՆ-ի նոր վարչակազմը պետք է կառուցեն ռազմավարական համագործակցություն: Նա նշել է, որ Օբաման հույս ունի ուղիղ խոսել իսրայելցիների հետ, քանի որ նա որպես նախագահ չի եղել այդ երկրում:
Ռոդսի խոսքերով` այցի ընթացքում Օբաման կհաստատի Իսրայելի հետ համագործակցության հակվածությունը, բացի այդ՝ այցը նախագահին հնարավորություն կտա հաստատելու Պաղեստինի իշխանություններից ցուցաբերվող աջակցությունը:
Օբամայի մերձավորարևելյան շրջագայության եզրափակիչ փուլը կլինի Հորդանանը: Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Օբաման կքննարկի տարածաշրջանային անվտանգությանն ու Սիրիայում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը առնչվող հարցեր:









































