Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում չտուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, քանի որ դիմումատուները հետ վերցրին ՀԾԿՀ ներկայացված դիմումները:
Քաղաքացիները ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին զեկուցեցին, որ ՀԷՑ-ը այս ընթացքում իրենց խնդիրնը լուծել է, այլևս ոչ մի բողոք ու դժգոհություն չունեն: Նազարյանն էլ բարկացած դիմեց ՀԷՑ-ի ներկայացուցչին: Նախ հետաքրքրվեց, թե ո՞ւր է Բիբինը, ապա իմանալով, որ արձակուրդում է, հարցերց, թե ինչո՞ւ են խնդիրը հասցնում նրան, որ հանձնաժողովը վարույթ հարուցի, հարցը մտցնի նիստի օրակարգ, նոր միայն լուծում են տալիս խնդրին:
ՀԷՑ-ի ներկայացուցիչն էլ արդարացավ, թե իրենք վերջին շրջանում խնդիրներ ունեն, և դրանով էին պայմանավորված ուշացումները, թերացումները, և խոստացավ, որ ամեն ինչ կանեն, որ հաջորդիվ նման խնդիրներ չառաջանան:
«Ամեն դեպքում ես ձեր աշխատանքը տնտեսվարողների հետ անբավարար եմ համարում»,- դիմելով ՀԷՑ-ի ներկայացուցչին՝ ասաց Նազարյանը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 2 տնտեսվարողի հետ պայմանագրային պարտավորությունները խախտելու համար այսօր ՀԾԿՀ-ի կողմից պետք է տուգանվեր 5 միլիոն դրամով:









































