Ռուսաստանը Լեհաստանին չի վերադարձնում Սմոլենսկի մոտ վթարի ենթարկված Ту-154 ինքաթիռի բեկորները մինչև իր սեփական հետաքննությունը չավարտի։ Այս մասին լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Լեհաստանը պնդում է, որ 2010 թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահի վթարված ինքնաթիռի բեկորներն իրենց փոխանցվեն, սակայն ռուսական կողմը լրացուցիչ փորձաքննություններ անցկացնելու պատրվակով ցանկանում է դրանք դեռ իր մոտ պահել:
«Ռուսներն ասել են, թե վախենում են, որ երբ բեկորները մեզ հանձնեն, Մացարևիչը դրանց վրա ատոմային ռումբի հետքեր կգտնի»,- ասել է նախարարը՝ հղում կատարելով բարձրաստիճան ռուս պաշտոնյայի, ում անունը նա չի նշել:
«Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը՝ Մացարևիչի ղեկավարությամբ, և մի քանի այլ պատգամավորներ 2012 թ. օգոստոսին զեկույց էին հրապարակել, որում հերքվում էին վթարի պաշտոնական պատճառները: Հեղինակների կարծիքով՝ վթարի պատճառ են հանդիսացել, ոչ թե եղանակային վատ պայմանները և օդաչուների սխալը, այլ ինքնաթիռի ներսում տեղի ունեցած պայթյունը:
Հոկտեմբերի կեսերին Rzeczpospolita հրատարակչությունը գրել էր այն մասին, որ ինքնաթիռի բեկորների վրա պայթյունի հետքեր են հայտնաբերվել: Սակայն հետաքննությունը վարող Գլխավոր ռազմական դատախազությունը հերքել է այդ տվյալները:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 10-ին վթարի ենթարկված ինքնաթիռում 96 մարդ է եղել՝ 88 ուղևորներ և անձնակազմի 8 անդամներ. նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել։ Զոհվել են Լեհաստանի նախագահը, նրա կինը և կառավարության անդամներ:







































