Անցած ուրբաթ օրը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծին: ԱԺ որոշման այդ նախագիծն ընդգրկված է խորհրդարանի այս քառօրյա նիստերի օրակարգում: Կոալիցիոն խմբակցությունները նույնպես կողմ են, որ այն ստեղծվի:
Սակայն հիշեցնենք, որ 2008թ. իշխանություններն ԱԺ-ում ստեղծել էին նման ժամանակավոր հանձնաժողով, որը ղեկավարում էր ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովում ներգրավված էին այն ժամանակ կոալիցիոն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և Դաշնակցություն կուսակցություններն ու որոշ արտախորհրդարանական ուժեր: Հանձնաժողովի աշխատանքներին չէին մասնակցում ՀԱԿ-ը և «Ժառանգություն» կուսակցությունը: Ս. Նիկոյանի հանձնաժողովը գործեց մոտ 1 տարի և ավարտին ներկայացրեց եզրափակիչ զեկույց:
Հայտնի է, որ ժամանակավոր հանձնաժողովն ուներ սահմանափակ հնարավորություններ և լիազորություններ, ինչը կլինի նաև այս նոր հանձնաժողովի դեպքում: Ժամանակավոր հանձնաժողովը չի ունենալու իրավապահ մարմինների լիազորությունները: Հակառակը` կարելի է համոզված լինել, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ կանեն այդ հանձնաժողովի հնարավոր բացահայտումներին խոչընդոտելու համար:
Հարցին՝ իսկ ի՞նչ չէր կարողացել կամ չէր ցանկացել անել նախկին հանձնաժողովը, որ պետք է անի նոր ստեղծվելիք հանձնաժողովը, Ս. Նիկոյանը նախ ասաց, թե դրական է վերաբերվում նման ևս մի հանձնաժողովի ստեղծմանը:
«Եթե հիշում եք, ժամանակավոր հանձնաժողովից հետո երբ ստեղծվեց Փաստահավաք խումբը, ես դրական տեսակետ հայտնեցի: Ավելին՝ երբ լուծարվեց այդ խումբը, նրանց բոլոր մասնավոր զեկույցները դարձրել եմ պաշտոնական և ներառել մեր հանձնաժողովի զեկույցում: Դրանից հետո հանձնաժողովի եզրակացությունը ԱԺ դատին ներկայացնելիս առաջարկել եմ մշակել ու ստեղծել մոնիթորինգային հանձնաժողով, որը վերահսկողություն կիրականացնի պետական լիազոր մարմինների նկատմամբ՝ մահվան դեպքերն ուսումնասիրելու համար, և այդ գործընթացի մասին հրապարակավ կտեղեկացնի ԱԺ-ին: Ինչպես նաև մոնիթորինգ կիրականացնի մեր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Հիմա առաջարկվում է ստեղծել չորրորդ հանձնաժողովը: Ես դրան նույնպես շատ դրական եմ վերաբերվում»,- ասաց Ս. Նիկոյանը:
Ամեն դեպքում՝ ի՞նչ չկարողացան անել նախկին երեք հանձնաժողովները, որ պետք է անի այս նոր հանձնաժողովը: Կկարողանա՞ արդյոք ինչ-որ բացահայտումներ անել: Ս. Նիկոյանն առաջարկում է ուշադիր կարդալ ԱԺ որոշման նախագիծը, թե ինչ լիազորություններով է օժտվում այդ նոր հանձնաժողովը, ինչ խնդիրներ են դրվում նրա առջև:
Նշենք, որ որոշման նախագծի անվանման մեջ նշված է, թե հանձնաժողովը ստեղծվում է մարտի 1-2-ի դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրելու համար: Նշված չէ, որ այն ուսումնասիրելու է զոհերի մահվան դեպքերը կամ հանգամանքները:
Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե այդ նոր հանձնաժողովի գործունեության արդյունքում ինքն ակնկալում է, որ առնվազն 4-5 զոհվածների մահվան հանգամանքների քննությունը տեղից կշարժվի: Կարո՞ղ է նոր ժամանակավոր հանձնաժողովը նման խնդիր լուծել:
«Ես կցանկանայի, որ այդ հայտարարությունը լիներ իրատեսական, և հանձնաժողովն ունենար հաջողություններ: Բայց ես ընթերցում եմ, թե ինչի համար է ստեղծվում այդ հանձնաժողովը, և որևէ դատողություն չեմ ուզում անել, հակառակ դեպքում պետք է պատմեմ, թե ինչ է արվել: Ես այդ դաշտը չեմ ուզում մտնել: Ես ուրախ կլինեմ, որ որևէ մեկը կարողանա այդ հարցում առաջընթաց արձանագրել: Եվ եթե Գ. Ջհանգիրյանը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ ունի նոր ի հայտ եկած հանգամանքներ: Կամ հավանաբար մտածում է, թե նոր հանձնաժողովն ունենալու է նոր լիազորություններ, որոնց արդյունքում ինքը կարող է նման քայլեր անել: Հուսանք, որ այդպես կլինի, և ինչու չէ՝ Գ. Ջհանգիրյանը կարող է իր անձնական ներդրումն ունենալ այդ հարցում՝ հատկապես, որ ինքը փորձառու է»,- եզրափակեց Ս. Նիկոյանը:
Բայց եթե նոր ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվում, դա նշանակո՞ւմ է, որ նախկին հանձնաժողովը լիարժեք չի կատարել իր առաջ դրված խնդիրը՝ հարցին Ս. Նիկոյանը պատասխանեց. «Ես նման որևէ մոտեցում չեմ տեսնում և հաջողություն եմ մաղթում նոր հանձնաժողովին»:










































