Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները հստակեցվելու փոխարեն գնալով ավելի են լղոզվում։ Այդ փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչակարգի վերարտադրման գործընթաց համարող ուժերը նախկինի վես վճռական չեն դրա դեմ պայքարում։ Այս օրերին մեր զանգերին ի պատասխան ասում են, որ կուսակցական խորհուրդներում քննարկելուց հետո միայն կարող են նշել վերջնական դիրքորոշման մասին, մինչդեռ այդ նույն ուժերն էին նախկինում հստակ հայտարարում, որ այն միտված է Սերժ Սարգսյանի վարչակազմի վերարտադրությանը։
Նախագիծը գրեթե ամբողջությամբ ներկայացված է քաղաքական, քաղաքացիական հանրության դատին։ Ի՞նչ դիտարկումներ կան, արդյո՞ք այս տեսքով նախագծի դեմ համախմբվելու հավանականություն կա, և հակառակը` ո՞ր դրույթների փոփոխության դեպքում դրա շուրջ համախմբվելու հնարավորություն կարող է լինել։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ։
–Տիկի՛ն Բիշարյան, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն արդեն հրապարակվել է։ ՕԵԿ-ը առաջարկներ էր ներկայացրել, հանձնաժողովը հաշվի առե՞լ է, ի՞նչ դիտարկումներ ունեք այս նախագծի կապակցությամբ։
-«Օրինաց երկիրը» ներկայացրել էր 5 սկզբունքային ֆունդամենտալ առաջարկներ, որոնք չեն ընդունվել՝ չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովից կուսակցություն ուղարկած նամակում նշված էր, որ բոլոր առաջարկները տեղ կգտնեն Սահմանադրության նախագծում: Մյուս կողմից՝ շրջանառության մեջ է դրված մի նախագիծ, որն այս տեսքով մեզ համար ամբողջությամբ անընդունելի է, և այն ոչ մի քննադատության չի դիմանում: Եթե ամբողջությամբ ներկայացնեմ մեր դիտարկումներն, ապա դա մի քանի ժամ կտևի, հետևաբար նշեմ մի քանիսը:
Հարց եմ տալիս. Սահմանադրության փոփոխությամբ ինչ-որ որակական ազդեցություն կլինի՞ մարդկանց կյանքի վրա: Վստահ եմ, որ ոչ: Չկա Սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ: Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ կարգավիճակում գտնվող երկիր ենք, և ի հեճուկս դրա, նախագահին վերապահվում է անգլիական թագուհու դերակատարություն երկրի ներքին և արտաքին անվտանգության հարցերում, ինչը չափազանց վտանգավոր է: Խորհրդարանական ընտրությունների երկփուլ համակարգի ներդրումը՝ աշխարհում նման բան չկա: Այսինքն՝ Սահմանադրության ուժով ձևավորվելու է քաղաքական մեծամասնություն, ինչը լճացման տանող ճանապարհ է: Սա դեմ է դեմոկրատական երկրի փիլիսոփայությանը: Նախագահին ընտրիչների միջոցով ընտրելու համակարգը նույնպես անընդունելի է: Բազմաթիվ հանգամանքները թողած մի կողմ՝ ո՞վ չգիտի, թե ՏԻՄ-երում ովքեր են և ինչ ձևերով են ընտրվում: Մի խոսքով՝ բոլոր խնդիրները չթվարկեմ: Մենք դեմ ենք այս նախագծին:
-Սահմանադրական փոփոխությունների դեմ հնարավոր համարո՞ւմ եք այն կուսակցությունների միավորումը, որոնք դեմ են նախագծին։ Հնարավո՞ր է «Հայկական վերածնունդ» միավորումը «Ոչ»-ի պայքար սկսի։
-Ժամանակը ցույց կտա, թե հնարավո՞ր է փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերի միավորում: Դրա ելքը պայմանավորված է քաղաքական կոնսուլտացիաներով, քննարկումներով և այլն: Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» մասով հարցին, ապա պետք է նշեմ, որ միավորումը վերջերս կառավարման խորհրդի նիստ էր գումարել, քննարկել էր նախագիծը, որից հետո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նույնպես դեմ է այս փոփոխություններին: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա կարող եմ նշել, որ արդեն «Հայկական վերածննդի» կազմի մեջ են մտնում 12 կուսակցություն, շուրջ 90 հասարակական կազմակերպություն: Տեղի կունենա խորհրդի նիստ, և հետագա անելիքների հետ կապված՝ համապատասխան միասնական որոշումը կկայացվի:
-Վերջին օրերին հրապարակում բողոքի ցույց անող «Ոտքի Հայաստան» շարժումը, ապա Հիմնադիր խորհրդարանը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարում անհրաժեշտ են համարում ընդդիմադիր կուսակցությունների հետ միավորումը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ ուժերի միավորվելու առաջարկին։
-Քաղաքական պայքարում կուսակցությունների հնչեցրած տեսակետներին, միավորման կոչերին, ասեմ ավելին՝ քաղաքական ոչ միայն միավորումներին, այլև քաղաքական ապահարզաններին վերաբերում եմ ըմբռնումով: Շատ նորմալ գործընթաց է, երբ տարբեր քաղաքական ուժեր միավորվում են քաղաքական պայքար ծավալելու համար: Այնպես որ քաղաքական գործընթացներին անձամբ ես վերաբերում եմ ոչ այլ ինչի, քան քաղաքական գործընթացների:
–Աշնանից մեկնարկելու են համայնքապետերի ընտրությունները, մինչ այժմ ներկայացված թեկնածուների մեջ չկան ՕԵԿ-ականներ։ Ի՞նչու չեք մասնակցում այդ ընտրություններին։
-Հիմնական ընտրությունները տեղի են ունենալու 2016թ. աշնանը, որին մեր քաղաքական ուժը ակտիվ մասնակցություն է ունենալու: Այժմ մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, մենք մասնակցում ենք ընտրական գործընթացին, իսկ թեկնածուներ առաջադրելը երբեք չենք համարել ինքնանպատակ գործընթաց: Մենք կարևորում ենք ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ինչպես նաև համայնքային խնդիրներին մշատապես հաղորդ լինելը: «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ են բազմաթիվ գյուղապետեր, ավագանու անդամներ, որոնք ակտիվ աշխատում են:
-Մինչ ՀԷՑ-ում խոստացված աուդիտը, նախ խորհրդատվական գործունեություն է իրականացվելու Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում՝ փարատելու այս կառույցի նկատմամբ հանրության կասկածները։ Այդ խորհրդատվությունը միջազգային հայտնի կառույցը տրամադրելու է 230 հազար դոլարով, որը տրամադրվելու է պետական սուղ բյուջեից։ Ըստ Ձեզ, դա որքանո՞վ է նպատակահարմար, և ի՞նչ հարցեր կարող է լուծել այդ խորհրդատվությունը։
-Նախ ես Ազգային ժողովում մի քանի ամիս առաջ, ելույթի ժամանակ նշեցի, որ չարաշահումների, կորուստների և նմանատիպ երևույթների դեմ պետք է կոնկրետ գործողություն՝ դատախազությունը և մյուս պատկան մարմինները ուսումնասիրություններ կատարեն և այս վիճակի համար բոլոր մեղավորներին օրենքի տառին համապատասխան պատժեն:
Մյուս կողմից՝ ես չգիտեմ, թե ինչ արդյունք կտա այդ խորհրդատվությունը: Բայց մենք բազմաթիվ նախադեպեր ունենք, որ նման խորհրդատվական ծառայությունները ոչ այլ ինչ են, քան փող ուտելու միջոց: Համենայնդեպս ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ: Այդ գումարով կարող են բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների համար մի լավ գործ անել: Հարյուր հազարավոր մարդիկ չքավորության ճիրաններից չեն կարողանում դուրս գալ:
-Մեծ աղմուկ է բարձրացրել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը, որի կապակցությամբ կոշտ արտահայտվել եք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Մտահոգիչ հանգամանքները կանխելու ուղղությամբ պատգամավորներն անելիք ունե՞ն։
-Անելիք ունեն բոլորը, ոչ միայն պատգամավորները: Այո՛, ես իմ տեսակետն արդեն հայտնել եմ: Խիստ մտահոգիչ է, որ համալիրի կողքին կկառուցվեն հյուրանոցներ, ռեստորաններ և խաղատուն: Լավ, իսկ հարցի բարոյակա՞ն կողմը: Ո՞նց կարելի է Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ զվարճանքի վայր ստեղծել: Ի՞նչ է, երկրում ազգային արժեքների տոտալ ոչնչացո՞ւմ է սկսվել: Արդեն կառավարության գործելաոճը դարձել է անտրամաբանական, և այդ ամեն շարժվող և անշարժ առարկա վաճառելու մոլուցքը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:









































