Ասուլիս տալով մի քանի լրատվամիջոցի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պետք չէ հավատալ նրանց, ովքեր հայտարարում են, թե Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է անդամակցել Մաքսային միությանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդպիսի պարտադրանք չկա, և Մաքսային միությունում մեզ նույնիսկ չեն էլ սպասում:
Այդ հայտարարությունը կարելի է որակել որպես պատասխան Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ փոխնախագահ Էլմար Բրոկին, որը Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ Մաքսային միության անդամ, թե՛ Ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Սերժ Սարգսյանը փաստացի պատասխանում է դրան, բայց այնպես, որ Ռուսաստանի արժանապատվությունն էլ չվիրավորվի:
Սարգսյանը, իհարկե, չի կարող հայտարարել, որ Մոսկվան պարտադրում է, սակայն Հայաստանին հաջողվել է խուսափել դրանից: Դա, իհարկե, կլիներ պաշտոնական Երևանի արժանապատվությունը շոյող հանգամանք, քանի որ եզակի դեպք է, երբ կայացվում է պետական շահից բխող ռազմավարական որոշում, եթե, իհարկե, որոշումը ռազմավարական է, այլ ոչ թե ենթակա շատ արագ փոփոխվելու՝ կոնյունկտուրայի փոփոխության հետ մեկտեղ: Ռուսաստանի դեմքը պահելու համար էլ Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ Մոսկվան Հայաստանին չի ճնշում Մաքսային միություն մտնելու համար և չի էլ սպասում այնտեղ:
Մինչդեռ, եթե Մոսկվան չսպասեր, ինչո՞ւ պետք է Հայաստանը՝ մինչև անգամ վարչապետի մակարդակով հայտարարեր, որ Հայաստանի համար Մաքսային միությունը տնտեսական հեռանկարների առումով Եվրամիությունից ավելի շահեկան չէ: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանն այդ մասին բավական կոնցեպտուալ հոդվածով էր փորձել հանդես գալ նախորդ տարվա օգոստոսին՝ ռուսական մամուլում: Կամ՝ եթե Մոսկվայի համար Հայաստանի անդամակցությունը խնդիր չէ, ինչո՞ւ է Եվրասիական տնտեսական կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն հայտարարում, որ Հայաստանի և Մաքսային միության ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չէ, և Հայաստանը կարող է «էքսկլավ» լինել Մաքսային միության մեջ՝ ինչպես Կալինինգրադի մարզը՝ Ռուսաստանում:
Ի տարբերություն Ռուսաստանի չինովնիկների՝ Հայաստանի նախագահն անգամ չի կարող թույլ տալ չմտածել Ռուսաստանի պետական արժանապատվության մասին, թեև Հայաստանը գոնե ինչ-որ մակարդակով պետք է համարձակություն ունենար Խրիստենկոյին հուշելու, որ Հայաստանն անկախ պետություն է, ոչ թե «էքսկլավ»: Բայց Խրիստենկոյին ոչ միայն չհիշեցրին այդ մասին, այլև պատրաստվում են մոտ ապագայում նրան ընդունել Հայաստանում և գործակցության հուշագիր ստորագրել: Բայց դա էլ Մոսկվայի դեմքը փրկելու մի տարբերակ է, որին տվյալ պարագայում գուցե արժե մոտենալ ըմբռնումով:
Համագործակցության հուշագիրը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի հանդիսանալ Հայաստանի բուն անդամակցության հարցում Ռուսաստանի անհաջողությունը ծածկող շղարշ: Երևի թե իմաստ էլ չունի այդ հարցում հակադրվել Ռուսաստանին, քանի որ ի վերջո՝ խնդիրը բացարձակապես այն չէ, որ Հայաստանը փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հակառակը՝ խնդիրն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև արմատավորվեն գործընկերային հարաբերություններ, երբ փոխադարձաբար հաշվի են առնվում և Ռուսաստանի, և թե Հայաստանի շահերը, ու երբ այդ շահերը գտնվում են տարբեր վեկտորներում, դա չի դառնում միջպետական ողբերգության կամ թշնամանքի առիթ կամ պատճառ, այլ հանգուցալուծվում է հավասարը հավասարի հետ քննարկումներով:
Եվ այստեղ, իհարկե, հաջողությունը ավելի շատ ոչ թե Եվրոպայինն է, կամ անհաջողությունը Ռուսաստանինը, այլ պարզապես Հայաստանը այս դրվագում կարողացավ հաղթել ինքն իրեն:










































