Արագաչափերի և հսկող տեսախցիկների տեղադրման շնորհիվ էականորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:
«Երևանում արդեն 50 խաչմերուկներ հագեցած են տեսախցիկներով և 63 արագաչափ սարքերով: Արդյունքում զոհվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 29-ով, և այդ միտումները շարունակվում են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ խախտումը, արձանագրվելու դեպքում, փոխանցվում է սպայական անձնակազմի տեսուչներին, և եթե հնարավոր է գործել հօգուտ վարորդի, այդպես էլ վարվում են:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանն էլ հավելեց, որ ցանկալի կլիներ, եթե ֆիքսող տեսախցիկները ամեն մանրուք չարձանագրեին, այլ ֆիքսեին կոպիտ խախտումները, ավելի լիբերալ լինեին, և ֆիքսող սարքերը բիզնեսի չվերածեին:
Հիշեցնենք, որ խախտումներ արձանագրող տեսախցիկներ են տեղադրվել Երևանից Աշտարակ, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Ապարան, Էջմիածին, Հոկտեմբերյան ճանապարհներին:






































