Նորվեգացի պարաշյուտիստները որոշել են փորձել իրենց բախտը Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ նրանք ոչ միայն պատրաստվել են վայրէջք կատարել խիտ բնակեցված շրջանում՝ չունենալով անհրաժեշտ թույլտվություն, այլև դրա իրականացման համար ընտրել են ծայրաստիճան վտանգավոր միջոց: Նրանց թռիչքի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Լյուդովիկ Վորզն ու Ջոք Սոմերը իրենց արկածային թռիչքը կազմակերպել էին առավոտյան 5.45-ին, քանի որ գիտեին, որ տեղի մասնավոր ավիաընկերությունները առաջին չվերթներն իրականացնում են 6.05-ից: Ծրագիրը կյանքի կոչելու համար 3 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվել: Տեսագրությունում երևում է, թե ինչպես են թևավոր կոստյումներով երկու տղամարդիկ ցած թռչում թռչող սարքից:
Թևավոր կոստյումը նրանց թույլ է տվել հորիզոնական թռիչք կատարել 80-100 կմ/ժամ արագությամբ: Նկատելի է, թե ինչպես է պարաշյուտիստներից մեկը շարժվում ուղիղ երկնաքերների կողմը, որոնք իրարից մի քանի մետրի վրա են գտնվում: Թվում է՝ ուր որ է կմխրճվի երկնաքերներից մեկի մեջ, սակայն նա կարողանում է փոխել ուղղությունն ու անցնում դրանց արանքով: Նրանք բարեհաջող վայրէջք են կատարել հավաքված ամբոխի ծափահարությունների ներքո:
Մարտի 15-ին համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 300 հազար դիտում ունի:
Դա զարմացրել է YouTube-ի բազմաթիվ օգտատերերի: Շատերը նշել են, որ դա կեղծ է: Մի մասը խորհուրդ է տվել հաջորդ անգամ վայրէջք կատարելիս Սուպերմենի կոստյում հագնել:








































