Երկու տարի առաջ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաները՝ ժամանակի ընթացքում վերածվելով ապստամբների և սիրիական բանակի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության:
Կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև իրավիճակը գնալով փոխվում է հօգուտ ընդդիմադիրների, իսկ օտարերկրյա ինտերվենցիայի հավանականությունը նախկինի պես շարունակում է փոքր մնալ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանը, երկու տարվա ընթացքում երկրում որևէ փոփոխություն չի եղել, կողմերի դիրքորոշումը շարունակում է մնալ խիստ ռադիկալ, որն անհնարին է դարձնում երկրի ընդդիմության և իշխանության երկխոսությունը: Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ընդդիմադիրներին և սիրիական պետությանը մեկ ընդհանուր սեղանի շուրջ հավաքել, երկխոսություն կազմակերպել ՌԴ-ում երկրում խաղաղություն հաստատելու նպատակով, բայց մինչ այս պահը որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
«Ընդդիմության միասնական կոալիցիան որևէ դրական պատասխան չի տվել Ռուսաստանին, ընդհակառակը՝ նշում է, որ պետության հետ սեղան կնստի այն պայմանով, եթե Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադը հրաժարական տա: Դրա համար քաղաքական իմաստով որևէ նորություն չկա՝ բացի նրանից, որ Սիրիայի իշխանությունը որոշել է նախարարների խումբ ուղարկել Ռուսաստան քննարկումներ անցկացնելու նպատակով, բայց ընդդիմադիրներից այս դեպքում ևս որևէ պատասխան չեն տվել: Մինչև այսօր ընդդիմությունը մերժում է երկխոսությունն իշխանության հետ: Որևէ դրական տեղաշարժ այս երկու տարիների ընթացքում չի եղել»,- մեկնաբանեց Սարգիս Քասարջյանը՝ շարունակելով, որ այսօր երկրում շարունակվում է զանազան ընդդիմադիր զինյալ խմբերի ազդեցությունը երկրի մի շարք հատվածներում, քաղաքներում, որոշ տեղերում ընդդիմադիրները շարունակում են առաջ շարժվել իրենց դիրքերն ամրապնդելով:









































