Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը վերջին ժամանակներս սկսել է ավելի հաճախ կիրառել կասետային ռումբեր ընդդիմադիրների դեմ։ Այս մասին հաղորդում է Asoociated Press-ը:
Human Rights Watch-ը Ալ-Ասադի վարչակարգին մեղադրում է վերջին կես տարվա ընթացքում երկրի 119 վայրերում առնվազն 156 կասետային ռումբեր օգտագործելու մեջ, ինչը հանգեցրել է զոհերի՝ խաղաղ բնակիչների շրջանում: Կազմակերպության տվյաներով` վերջին երկու շաբաթվա ընթացքում կասետային ռումբի կիրառման հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ երկու կին և հինգ երեխա:
Կազմակերպությունը պնդում է, որ իր եզրակացությունները հիմնված են դաշտային ուսումնասիրությունների և ավելի քան 450 տեսաձայնագրությունների վերլուծության վրա: Ալ-Ասադի կառավարությունը հերքում է իր կողմից կասետային ռումբերի կիրառումը: Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հերքել է զեկույցի փաստարկները` տեսանյութերի մեծ մասն անվանելով «կասկածելի»:








































