Այսօր Քաբուլի խորհրդարանի շենքի առջև հակաամերիկյան ցույց է տեղի ունեցել աֆղանական Վարդակ նահանգի հարյուրավոր բնակիչների մասնակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցուցարարները խորհրդարանականներից պահանջել են Վարդակից դուրս բերել ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը, նրանց խոսքով, առնչություն ունի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին ու պատանդառմանը:
3 շաբաթ առաջ ԱՖղանստանի անվտանգության խորհուրդը՝ երկրի նախագահ Համիդ Քարզայի նախագահությամբ, վճռեց, որ երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան հատուկ նշանակության ամբողջ ստորաբաժանումը պետք է լքի նահանգը, սակայն դա տեղի չունեցավ:
Աֆղանստանի անվտանգության խորհուրդը վճռել էր, որ ԱՄՆ զինվորական ստորաբաժանումը պետք է հեռանա նահանգից, սակայն ամերիկյան կողմը հայտարարեց, որ այդ դեպքում Քաբուլում անվտանգության տեսանկյունից իրավիճակը կտրուկ կվատթարանա:
Գործակալության տվյալներով՝ Քաբուլում ցույցն առանց արտակարգ պատահարների է անցել:








































