Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինը չեն զմռսի: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը:
«Համապատասխան զեկույց ստանալուց հետո զմռսելու գաղափարը մերժվել է, չնայած դրա հույսն ունեին մեր շատ հայրենակիցներ»,- նշել է Վիլեգասը:
Նախարարի խոսքով` մի խումբ ռուս բժիշկներ, որոնք զննել են Չավեսի մարմինը, եկել են այն եզրահանգման, որ զմռսման ամբողջ ընթացակարգն իրականացնելու համար Չավեսի մարմինը Ռուսաստանում պետք է մնար 7-8 ամիս:
Այժմ Չավեսի աճյունը գտնվում է Կարակասի Հեղափոխության թանգարանի սրահում: Շաբաթ առավոտվանից թանգարանի դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերջին հրաժեշտը տալ նախագահին:
Վիլեգասը համոզված է, որ Չավեսին կցանկանան վերջին անգամ հրաժեշտ տալ ամբողջ աշխարհի հեղափոխականները, քրիստոնյաները, որոնք «Վենեսուելայի նախագահի մեջ տեսել են հույս և երկրում նոր աշխարհ կառուցելու հնարավորություն»:
Դեռևս հայտնի չէ, թե ինչքան կտևի Չավեսի հետ հրաժեշտը Հեղափոխության թանգարանում: Բացառված չէ, որ նրա աճյունը կտեղափոխեն Ազգային պանթեոն, որտեղ հուղարկավորված են Վենեսուելայի հերոսները:










































