Մարտի 16-ին քրդերը նշում են իրենց պատմության ամենաողբերգական օրերից մեկը՝ հաղորդում է RIA Novosti-ն: 1988թ. այս օրը իրաքյան զորքերը քիմիական զենք են կիրառել քրդական Հալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվել է շուրջ 5000 մարդ, մասնավորապես՝ կանայք և երեխաներ: Ավելի քան 20 հազար մարդ թունավորվել է և վիրավորվել:
1985թ. Քրդստանի հայրենասիրական միությունը այլևս չի աջակցել Բաղդադին, և Ջալալ Տալաբանիի զինված ջոկատները զենքն ուղղել են Իրաքի կանոնավոր բանակի դեմ: 1987թ. ապրիլին առաջին անգամ քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել: 1988 մարտի 16-ին Իրաքի ավիացիան Հալաբջա քաղաքը ենթարկել է քիմիական ռմբակոծության:
1988 մայիսի 9-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտել է քիմիական զենքի կիրառումը` չմատնանշելով Իրաքին: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը համաշխարհային հանրությանը կոչ է արել տնտեսական էմբարգո սահմանել Իրաքի դեմ: 1990-ական թթ. անկախ հետազոտությունների արդյունքում ռմբակոծությունների պատասխանատվությունը դրվել է Իրաքի վրա:
Հալաբջայի գազային հարձակումը համարվում է, այսպես կոչված, Ալ-Անֆալի ծրագրի բաղկացուցիչ մաս` Իրաքի կառավարության գործողությունների ծրագիր՝ ընդդեմ քրդական փոքրամասնության, որի շրջանակներում 1986-1989թթ. իրականացվել են այլ հանցավոր գործողություններ, այդ թվում՝ 1987թ. ապրիլին քրդական գյուղերի քիմիական ռմբակոծություն:
Գործողությունն անմիջականորեն ղեկավարել է Սադամ Հուսեյնի զարմիկ Ալի Հասան Ալ-Մաջիդը, որը Հալաբջիից հետո ստացել է «Քիմիական Ալի» մականունը: 1987թ. ապրիլից մինչև 1988թ. օգոստոս Իրաքի իշխանություններն ավելի քան 40 անգամ քիմիական զենք են կիրառել քրդերի դեմ:
2010թ. հունվարի 17-ին Իրաքի դատարանըԱլ-Մաջիդին մեղավոր է ճանաչել քրդական քաղաքների ռմբակոծության համար և ենթարկել մահապատժի:










































