Վերջին ամիսներին Իրանը զգալիորեն մեծացրել է սիրիական ռեժիմին մատակարարվող ռազմական օգնության ծավալը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արևմտյան հետախուզական և դիվանագիտական աղբյուրները:
Անանուն դիվանագետը հաստատում է. «Իրանցիները զանգվածաբար աջակցում են ռեժիմին: Վերջին 3-4 ամիսներին մեծացել են իրանական զենքի մատակարումների ծավալները Իրաքի օդային տարածքով, ինչպես նաև բեռնատարներով փոխադրումները՝ կրկին Իրաքի միջոցով: Իրաքի իշխանությունները դրան մատների արանքով են նայում»:
Մեկ այլ դիվանագետ հաստատում է, որ վերջին ժամանակներս զենքը մատակարարվում է այլընտրանքային ուղիներով: Դրանցից մեկը Թուրքիայի օդային տարածքով զենքի տեղափոխումն է Լիբանան, որտեղից էլ բեռնատարներով դրանք փոխադրվում են Սիրիա:
Նման չվերթներ են իրականացվում ամեն շաբաթ, յուրաքանչյուր չվերթով փոխադրվում է մոտ 5 տոննա զենք:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հերքել են այդ տեղեկությունը և հրաժարվել մեկնաբանություններից:









































