ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում՝ պաշտոնական տվյալներով վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոսկվա և Բրյուսել կատարած իր այցի մանրամասները: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նիստում քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների՝ ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ օրենքով սահմանված ժամանակահատվածում իրենք կներկայացնեն իրենց շտաբի պատասխանատուներին և ղեկավարներին: Նա հավելեց, որ այս ընտրություններին իրենք շատ ավելի լուրջ են նախապատրաստված:
ԱԺ փոխնախագահը «պարզապես մառազմի ժանր» անվանեց, ապա հավելեց, որ ծիծաղելի և անլուրջ բամբասանք են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև կա պայմանավորվածություն, և Երևանը տրվելու է ԲՀԿ-ին. «Մեր քաղաքական թիմը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ունի բոլոր շանսերը հաղթելու համար, նման բան լինել չի կարող»:






































