Կա արտաքին մեծ շահագրգռվածություն, որ լարվածությունը երկրում շարունակական լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` վերլուծելով ներքաղաքական իրողությունները: Ստեղծված ներքաղաքական իրադրությունում, Աշոտ Մանուչարյանի խոսքով, կա երկու կողմ` ստանդարտ քաղաքական կողմ՝ այն, որ արտաքին աշխարհը փորձում է երկրում տեղի ունեցող գործընթացները հարմարեցնել իր շահերին, և ներքաղաքական կողմ, որն էլ այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց արթնացնել մեր ժողովրդին:
Բանախոսի գնահատմամբ` այս զարգացումների կարևորագույն հանգրվանը հենց դա է. «Ժողովուրդը ոչ մի իմաստ, հեռանկար չէր տեսնում, կարևորագույն խնդիր կատարվեց` մարդիկ արթնացան անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ, որովհետև միգուցե մեկ ուրիշը ռադիկալ մոտեցումներով չկարողանար այս արթնացումն առաջացնել, չստացվեր, որովհետև արձագանքները նրա գործողություններին կարող էին այլ լինել: Մենք սովոր ենք կարծր արձագանքներին»:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ թվում է, թե այս զարթոնքի լիդերը մեկն է` Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այդպիսի բան չկա, շատ խմբեր զարթոնքի վիճակում են: Նրա կարծիքով` ինչ-որ կերպով կրկնվում է 2008 թվականը. շատերը չէին սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հակառակորդները սկսեցին գործել երկիրը նորմալ վիճակի բերելու համար: Աշոտ Մանուչարյանի խոսքով` կա արտաքին մեծ շահագրգռվածություն, որ լարվածությունը երկրում շարունակական լինի, երկու հիմնական խաղացողներ կան` Արևմուտք և ՌԴ:
«Ամենախորքում Արևմուտքի համաձայնությամբ ՀՀ-ն մտավ բանակցությունների մեջ ՌԴ հետ: ԱՄՆ-ն չի ցանկանում, որ ՌԴ-ն զրո վիճակի գա, կարող են, բայց չեն անում, որովհետև այս դեպքում ՌԴ-ն դեստրուկտիվ է գործելու: Կենսական հարց է ՌԴ համար Հայաստանն ու Կովկասը, այդ պատճառով ԱՄՆ-ն ուզում է, որ ՌԴ-ի տաս ասածից հինգ-վեցը Հայաստանը կատարի, չորս-հինգն էլ` չկատարի»,- մեկնաբանեց բանախոսը:
Ո՞ւր է տանելու պայքարը հարցին` բանախոսը պատասխանեց, որ զարթոնքը կախված չէ որևէ կոնկրետ անձի գործողություններից, գործող ուժերի դասավորություններն այնպիսին են, որ երկարատև կպահպանվի, իսկ հանգրվանները կարող են այլ լինել: «ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայաստանում ինստիտուցիոնալ համակարգ ստեղծվի, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները վերածվեն Հեղկոմի ընտրություններին: Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են հակակշիռ ձևավորել իշխանությանը կամ կոմպրոմիս ստեղծվի խորհրդարանական նոր ընտրություններով: Այստեղ կարևորագույն գործընթաց կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանը նախագահի վերահսկողությունից դուրս բերվի»,- նախանշեց հնարավոր սցենարները Աշոտ Մանուչարյանը:











































