Միդլբերի քոլեջի պրոֆեսոր Բիլ Մաքիբենի կարծիքով՝ միջին վիճակագրական ամերիկացին ավելի շատ վնասակար թափոններ է նետում, քան ներգաղթյալները:
«Միջին վիճակագրական ամերիկացին էկոլոգիային ավելի մեծ վնաս է հասցնում, քան զարգացող երկրներում ապրող մարդիկ»,- Բիլ Մաքիբենին մեջբերում է The Los Angeles Times-ը: Ըստ պրոֆեսորի՝ ներգաղթյալներն ընտանիքի բոլոր անդամների համար մեքենաներ չեն գնում, նրանց տներն ավելի համեստ են, այդ պատճառով էլ նրանք ավելի քիչ էլեկտրաէներգիա են օգտագործում:
Դրանից բացի, ներգաղթածներն ավելի քիչ երեխաներ են ունենում, քան ԱՄՆ քաղաքացիները: Սա պրոֆեսորի գլխավոր թեզերից մեկն է: Նա նույնիսկ գիրք է գրել, որտեղ կոչ է անում ամերիկացիներին վերադառնալ ընտանիքի «փոքր» մոդելին:
Մաքիբենի խոսքերով՝ նոր վայրեր տեղափոխված մարդիկ լի են հույսերով: Քաղաքացիություն ստանալով՝ նրանք դեմ դուրս կգան այն քաղաքական գործիչներին, ովքեր ապրում են նավթի բարոնների փողերով, իսկ սովորական ամերիկացիներն արդեն համակերպվել են դրա հետ:
ԱՄՆ-ի համար բնապահպանության հարցը շատ սուր է դրված: ԱՄՆ-ը ջերմոցային գազերի արտանետումների ծավալով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:
Հարկ է նշել, որ արդեն այս տարի ԱՄՆ-ի տարածքում ապրող ավելի քան 11 միլիոն ներգաղթյալներ կարող են ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Դա հնարավոր կդառնա զանգվածային բարեփոխումների շնորհիվ: Դրան է ձգտում նախագահ Բարաք Օբաման։ Թեև նախագահի գործողություններն անընդհատ արգելափակվում են հանրապետականների կողմից, սակայն այս անգամ վերջիններս նույնպես կողմ են ներգաղթյալների կարգավիճակի օրինականացմանը:











































