Այսօր ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, մերժեց Պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության դեմ Սերգեյ Գրիգորյանի ներկայացրած բողոքը, որով հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ՊԵԿ-ի 2012 թ. հուլիսի 25-ի որոշումը: Այդ որոշմամբ ՊԵԿ-ը Գրիգորյանին մերժել է «գործարքի գնի» մեթոդով մաքսազերծել Ճապոնիայից ներկրված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան: Հայցվորը պահանջում է նաև ֆինանսների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել պետական տուրքի գումարը, ինչպես նաև՝ այս ժամանակաընթացքում մաքսային պահեստում տարածք զբաղեցնելու համար պահանջվող օրական 1300 դրամ գումարը:
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Ս. Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ 10 հազ. դոլար արժողությամբ ավտոմեքենայի մաքսազերծման համար ՊԵԿ-ում պահանջել են հսկիչ գնի մեթոդով հաշվարկած 6 հազ. դոլար, այնինչ «գործարքի գնի» մեթոդի կիրառման դեպքում մաքսազերծումը կարժենար ընդամենը 4 հազ. դոլար:
Ս. Գրիգորյանը տեղեկացրեց, որ դատարանի վճիռն օրենքով բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Նա հույս հայտնեց, որ արդարադատության կհասնի ավելի բարձր ատյաններում, քանի որ այս ատյանում ՊԵԿ-ի ներկայացուցիչներն իրենց առարկությունները որևէ կերպ չկարողացան հիմնավորել:
Նշենք, որ 2010 թ. հունվարից մինչև 2012 թ. օգոստոսը ՊԵԿ մաքսային ծառայությունը 55 հազ. 747 ավտոմեքենաներից միայն 314-ի դեպքում է մաքսային արժեքը հաշվարկել «գործարքի գնի» մեթոդով, մնացած դեպքերում կիրառվել է «հսկիչ գնի» մեթոդը:
Հավելենք, որ մաքսազերծման վերաբերյալ Ս. Գրիգորյանի բողոքը մարտի 19-ին քննվելու է նաև ՊԵԿ ՀՔՎ-ում:










































