Դատարանը 8.2 մլն եվրոյի չափով գրավաչափ է սահմանել պետական միջոցների գողացման գործով անցնող Իսպանիայի թագավորի փեսա Ինյակի Ուրդանգարինի և նրա նախկին գործընկեր Դիեգո Տորեսի համար: Այս մասին հայտնում է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը:
Ուրդանգարինը կասկածվում է, որ իր նախկին գործընկերոջ հետ 5.8 մլն եվրո պետական միջոց է յուրացրել Noos ինստիտուտի միջոցով:
Նրանք բարձրացրել են ծառայությունների արժեքները, որոնք մատուցել է իսպանական քաղաքներից մեկի վարչակազմը: Միջոցները փոխանցվել են նրանց վերահսկողության տակ գտնվող ֆիրմաների հաշիվներին: Դատարանն անհրաժեշտ է համարել գրավի ստացումը՝ երաշխավորելու գողացված գումարների վերադարձ պետբյուջե այն դեպքում, եթե գործով անցնողները դատապարտվեն բանտարկության:
Դատարանը մերժել է ամբաստանյալների փաստաբանների՝ գրավի գումարի մասին բողոքարկումը: Փաստաբանների կարծիքով՝ դատարանի պահանջած գումարը ուռճացված է և իր մեջ ներառում է հարկեր, որոնք նախկինում պաշտպանյալներն արդեն վճարել են, և որ արդար որոշում կլիներ 5.9 մլն եվրո գանձելը:
Ուրդանգարինի օրինական ներկայացուցիչը հայտնել է նաև Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասին, քանի որ նախաքննության ընթացքում, փաստաբանի խոսքով՝ խախտվել է իր հաճախորդի պաշտպանության իրավունքը: Հաճախորդը չգիտի, թե կոնկրետ ինչ փաստերից և հանցագործություններից նա կարող է պաշտպանվել:
Իսպանիայի թագավորի փեսայի նախկին գործընկերոջ փաստաբանը գրավի վճարման դիմաց իր բողոքարկումը հիմնավորել է նրանով, որ գործում հենց թագավորի փեսան է որոշումներ ընդունել և ինստիտուտին կարգադրություններ արել: