Առանձին պետությունների կողմից թրմանյութի պայքարի դեմ իրականացվող ծրագրերը, ինչպիսին է, օրինակ, «Պատերազմ ընդդեմ թմրանյութերի» ամերիկյան ծրագիրը, ավելի շատ վնասում է, քան օգնում: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ Զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Կլարքը:
Կլարքի խոսքերով՝ թմրանյութերի և թմրամոլների խնդիրներին պետք է մոտենալ որպես հիվանդության, ոչ թե որպես հանցագործության:
Նա նշել է, որ թմրամոլությունը բռնության միջոցով արմատախիլ անելը կհանգեցնի ավելի մեծ կորուստների, սակայն չի բերի էական արդյունքներ: Կլարքի տվյալներով՝ 2007թ. միայն Մեքսիկայում թմրանյութերի արտադրման և վաճառքի հետ կապված հանցագործությունների և պետության կոշտ քաղաքականության պատճառով զոհվել է 70 հազար մարդ, սակայն ԱՄՆ արտահանվող թմրանյութի ծավալը չի նվազել:
«Խնդիրը պետք է լուծել տարածաշրջանային մակարդակով՝ գրավելով նոր գերատեսչություններ: Թմրանյութերի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունը հաշվի չի առնում սոցիալական և տնտեսական գործոնները, որոնք թմրանյութերի արտադրությունը շահավետ են դարձնում՝ չնայած խիստ պատիժներին: Անհրաժեշտ է կենտրոնանալ հենց տնտեսական գործոնի վրա, թմրանյութերի արտադրությունը և վաճառքը պակաս շահավետ դարձնել հանցավորության համար»,- եզրափակել է նա:
2013թ. ՄԱԿ զարգացման ծրագրում առաջարկվում են մի շարք նոր միջոցներ թմրանյութերի դեմ պայքարելու համար:









































