Սիրիացի փախստականների ավտոբուսը Դամասկոսից Բեյրութ տանող ճանապարհի լիբանանյան հատվածում շրջվել է: Զոհվել է 8, վիրավորվել 29 մարդ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան Կարմիր խաչին:
Անհայտ պատճառով այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 06.30-ին ավտոբուսը մխրճվել է ճանապարհի երթևեկելի երկու հատվածները միմյանցից առանձնացնող պատնեշի մեջ և շրջվել: Շտապ դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք հոսպիտալացրել են տուժածներին: Ավտոբուսը բարձրացրել են վերամբարձ կռունկի օգնությամբ:
Ավտոբուսի բոլոր ուղևորները եղել են սիրիացիներ: Ականատեսների վկայությամբ՝ նրանք հիմնականում եղել են կանայք և երեխաներ:
Գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանում ապաստանել է շուրջ 300 հազար սիրիացի փախստական:








































