Samsung ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնի չորրորդ սերունդը, որի առանձնահատկություններն են 5 դյույմանոց էկրանն ու առանց էկրանին անմիջականորեն դիպչելով՝ սարքը ղեկավարելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով սարքը Samsung-ին թույլ կտա ուժեղացնել մրցակցությունը բջջային շուկայում իր մրցակցի՝ Apple ընկերության հետ: Strategy Analytics-ի տվյալներով՝ 2012-ի չորրորդ եռամսյակում Apple-ի iPhone 5-ը դարձել է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնը՝ առաջ անցնելով անցած տարվա գարնանը թողարկված Galaxy S III-ից: Չնայած դրան՝ մեկ տարուց քիչ ժամանակում Galaxy S III մոդելն աշխարհում վաճառվել է ավելի քան 40 մլն օրինակով:
Galaxy S IV-ն ունի բարձր խտությամբ Full HD Super AMOLED էկրան, որը մեծ է նախորդ մոդելից, 13 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, որը կարող է 4 վայրկյանում մինչև 100 լուսանկար անել: Սարքն ունի նաև առջևի՝ 2 մեգապիքսելանոց տեսախցիկ: Dual Camera գործառույթը թույլ է տալիս միաժամանակ և´ լուսանկարել, և´տեսագրել, իսկ Sound&Shot-ը թույլ է տալիս նկարահանումն ուղեկցել ձայնով:
Galaxy S IV-ի տարբերակը մի շարք շուկաների համար կաջակցի չորրորդ սերնդի LTE-ի ցանցը: Մյուս շուկաների համար հասանելի կլինի HSPA+ տարբերակը:
Air View գործառույթը օգտատիրոջը թույլ կտա աշխատել սենսորային էկրանի հետ՝ առանց դրան դիպչելու, իսկ Air Gesture-ը՝ մի շարք գործառույթները շարժումներով ղեկավարել:
S Translator-ը 9 լեզուներով կթարգմանի բառեր, հաղորդագրություններ ու չաթեր: Knox գործառույթը կբաժանի սմարթֆոնը անձնական և աշխատանքային հատվածների: ChatOn-ն ապահովում է տեսազանգերի հնարավորություն՝ մինչ 4 մարդու մասնակցությամբ:
Նորույթը կհայտնվի 155 երկրների շուկաներում՝ կապի 327 օպերատորների աջակցությամբ: Այն կունենա նախ՝ սև և սպիտակ, իսկ այնուհետև՝ տարբեր գույների կորպուսներ:








































