Արդեն վեց մարդ մտադրություն է հայտնել մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Թեկնածուների շարքում են խորհրդարանի փոխնախագահ Ռեզա Բահոնարը, ինչպես նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին:
Ռոհանիի թեկնածությունն առաջադրել է «Չափավորություն և զարգացում» կուսակցությունը: Նա անցած շաբաթ հայտարարել էր երկրում քաղաքական կուսակցությունների ուժեղացման անհրաժեշտության մասին, որպեսզի դրանք առավել մեծ դեր խաղան հասարակության կյանքում:
Իրանական անգլալեզու հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնում առաջադրվել են նաև երկրի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, Հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Թեհրանի նախկին քաղաքապետ և ազգային ոստիկանության նախկին պետ Մուհամմադ Կալիբաֆը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ:
Իրանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ նախագահի թեկնածուների գրանցման ընթացակարգը կսկսվի մայիսի 6-ին: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարում է երկրորդ ժամկետում և համաձայն Սահմանադրության՝ երրորդ ժամկետում առաջադրվել չի կարող:









































