Լիբիայի ճգնաժամից ի վեր Մուամար Քադաֆիի գործողությունների զոհ է դարձել 10 հազար մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին, որը հանդիպել է Հռոմում Լիբիայի ընդդիմության առաջնորդ, անցումային Ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլի հետ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Լիբիայի անցումային Ազգային խորհրդի առաջնորդը մեզ պատմել է արյունալի ռեժիմի 10 հազար զոհերի և ավելի քան 50-55 հազար վիրավորների մասին»,- ասել է Ֆրատինին մամուլի ասուլիսի ժամանակ: Իտալիայի արտաքին գործերի նախարարի կարծիքով` «այս բոլոր զոհերի պատասխանատվությունը ընկնում է մեր բոլորի վրա»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Ազգային խորհուրդը ստեղծվել է Լիբիայի ապստամբների ձեռքում գտնվող Բենղազի քաղաքում և հիմա որոշ երկրներում համարվում է երկրի միակ լեգիտիմ իշխանական կառույցը:







































