Բրիտանական գահաժառանգ, արքայազն Չառլզը արդեն կես տարի է՝ արաբերեն է սովորում, հաղորդում է Telegraph-ը:
Կատարի մայրաքաղաք Դոհայում բրիտանական համալսարանների կատարցի շրջանավարտների շնորհանդեսի պատվին կազմակերպված ընդունելությանը արքայազնը նկատել է, որ ընդունելության բոլոր մասնակիցները բավական լավ են տիրապետում անգլերենին:
Կատարի էներգետիկայի նախարար Մուհամմեդ բին Սալեհ Ալ-Սադան, որը նաև այդ ասոցիացիայի նախագահն է, հարցրել է՝ կարո՞ղ է անձամբ Չառլզը ինչ-որ բան ասել արաբերեն: Արքայազնը համեստորեն ասել է, որ «ինքը մի անգամ փորձել է սովորել, սակայն կիսատ է թողել»: «Մի ականջովս մտնում է, մյուսով դուրս գալիս»,- ասել է Չառլզը:
Սակայն ավելի ուշ նրա օգնականներից մեկը հայտնել է, որ արքայազնը արդեն կես տարի արաբերենի մասնավոր դասեր է անցնում:
Նրա խոսքով՝ այդ լեզվի իմացությունը թույլ է տալիս Չառլզին, որը համարվում է կրոնների միջև երկխոսության կողմնակից, Ղուրանը բնագրով կարդալ և ինքնուրույն թարգմանել մզկիթներում ու իսլամական արվեստի թանգարաններում առկա գրությունները, գրում է RIA Novosti-ն:










































