«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, արդեն հայտնի է, որ ընդդիմադիր չորս կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին: Նախընտրական համախմբման հերթական փորձերն այս անգամ էլ ապարդյուն անցան: ԲՀԿ-ն անցած շաբաթ արդեն տեղեկացրել է, որ ավագանու ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը, իսկ հաջորդ երկու տեղերը զբաղեցնելու են Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը: Այդ կուսակցությունն անցած շաբաթ նաև հայտարարեց, թե իրենք դեմ չեն համախմբմանը, սակայն՝ ԲՀԿ-ի առանցքի շուրջ:
Նման կտրուկ հայտարարությունից հետո ցանկության դեպքում անգամ իրեն հարգող որևէ ուժ հազիվ թե համախմբվի ԲՀԿ-ի «առանցքի շուրջ»: Միաժամանակ՝ եթե այս ուժերն իսկապես ցանկանում էին համախմբվել, հզոր դաշինք ստեղծել և այս ընտրություններին միասնաբար հաղթել Հանրապետական կուսակցությանը, ինչո՞ւ նախապես ձախողեցին դրա հնարավորությունը: Արդեն ակնհայտ է, որ թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ը և թե «Ժառանգությունը» առանձին ցուցակներ են պատրաստում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս ուժերը և մասնավորապես ԲՀԿ-ն ինքն է ցանկանում, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն առանձին-առանձին: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնիսկ առաջարկել է ապահովել անհրաժեշտ ֆինանսավորմամբ: Գ. Ծառուկյանը որոշել է այս ընտրություններին աննախադեպ ֆինանսներ հատկացնել՝ ինչպես 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, որը նախաձեռնել և համակարգում էր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ նա այն ժամանակ զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը: 2012-ին «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել միասնական շտաբի աշխատանքներին, սակայն այս անգամ, մեր տեղեկություններով, նախնական համաձայնություն տվել է:
Այսպիսով՝ նպատակը Երևանի ավագանու կազմում մեծամասնություն կազմելն է: Եվ քանի որ այս 4 ուժերը վստահ չեն, որ դաշինքով մասնակցելու դեպքում կկարողանան մեծամասնություն ապահովել, ուստի մտադիր են առանձին ցուցակներով մասնակցել: Նրանք կարծում են, որ Երևանի ավագանու գործունեությունը քաղաքականացնելով՝ իրենց հետագայում կհաջողվի թե Երևանում, թե հանրապետության այլ մարզերում հասարակական ընդվզում առաջացնել. ՀՀԿ-ին միգուցե չհաջողվի ամենուր և մշտապես իրենց կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրի» հետ մեծամասնություն կազմել: Ահա թե ինչու են այս ուժերը ցանկանում առանձին մասնակցել, եթե, իհարկե, նրանց հաջողվի իրականացնել այդ ծրագիրը:
Ընդ որում, այս ուժերը մտադիր են Երևանում ստանալ ընդդիմադիր ընտրողների մաքուր ձայները, իսկ ԲՀԿ-ն արդեն ընտրակաշառքով կկարողանա չկողմնորոշված ընտրողների ձայներն ապահովել: Ու քանի որ Երևանի բնակչությունը Հայաստանի՝ հիմնականում քաղաքականապես ակտիվ զանգվածն է, թերևս այս 3 ընդդիմադիր ուժերին հաջողվի թեև առանձին, բայց զգալի ձայներ ապահովել:
Ըստ նախնական քննարկման՝ ՀԱԿ ցուցակը գլխավորելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով հասարակության մեջ իսկապես դրական իմիջ ունի և այդ ցուցակին կարող է հաջողություն բերել: Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ հեռուստաեթերով Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իրենք խնդիր չունեն և Երևանի ավագանու ընտրություններին կարող են նաև ՀԺԿ ցուցակով մասնակցել:
Այս պարագայում արդեն ՀՀԿ-ին բավականին դժվար կլինի մրցակցելը և հաղթելը: Այն, որ իշխանությունների նկատմամբ հասարակական դժգոհությունը շատ մեծ է, ակնհայտ է՝ անկախ այն հանգամանքից, թե նախագահական ընտրություններին ով հաղթեց: Թեև պաշտոնական տվյալներով Երևանում Սերժ Սարգսյանն է հաղթել, միևնույն է՝ մայրաքաղաքի քաղաքականապես ակտիվ բնակչությունը նույնպես դժգոհ է թե հանրապետական, թե քաղաքային իշխանություններից: Եվ դժվար է ասել, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ նախկինում ունեցած դրական իմիջից այսօր ինչ է մնացել:
Մյուս կողմից էլ՝ ԲՀԿ-ն որոշել է այս ընտրությունները ոչ թե քաղաքականացնել, այլ բարձրացնել տեղական ինքնակառավարմանը, Երևանի քաղաքային ու կենցաղային խնդիրներին վերաբերող հարցեր, քննադատել մայրաքաղաքի իշխանություններին ու փոփոխություններ խոստանալ:
Այս պարագայում արդեն ՀՀԿ-ն իսկապես խնդիր կունենա, որովհետև քննադատությունները տեղին կլինեն: Այնպես որ՝ որևէ դրական փոփոխությունների ակնկալիք չընձեռած ՀՀԿ-ին Երևանում դաժան պայքար է սպասվում:








































