Էդինբուրգի կենտրոնում հայտնաբերվել է միջնադարյան ասպետի գերեզման: Ինչպես հաղորդում է BBC-ն, գերեզմանը հայտնաբերվել է Շոտլանդիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ:
Գերեզմանաքարի վրա առկա լատինական խաչի և թրի պատկերները հնագետներին հիմք են տվել ենթադրելու, որ մնացորդները պատկանում են միջնադարյան ասպետի կամ ազնվականի: Այժմ դրանք փոխանցվել են հետազոտողներին փորձաքննության համար, որից հետո, հավանաբար, հայտնի կդառնան նրա մահվան պատճառները:
«Այս գտածոն կարող է դառնալ մեծագույն հնագիտական բացահայտումներից մեկը, որ վերջին տարիներին արվել է մեր քաղաքում: Այն մեզ պատկերացում կտա, թե ինչպիսին է եղել կյանքը միջնադարյան Էդինբուրգում»,-ասել է քաղաքային խորհրդի ներկայացուցիչ, մշակույթի հարցերով մասնագետ Ռիչարդ Լյուիսը և հավելել, որ գերեզմանը թվագրում են 13-րդ դարով:
Գտածոյի շնորհիվ հետազոտողներին հաջողվել է պարզել Բլեքֆրայերսի մենաստանի տեղակայման հստակ վայրը, որը հիմնվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 2-րդի կողմից և ավերվել 1558 թ. Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում:







































