Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մարտի 13-ին կայացած աճուրդում վաճառել է տասնյակ պաշտոնական նվերներ, հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Աճուրդը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ Սաադաբադ պալատում: Լոտերի թվում եղել են առարկաներ, որոնք Իրանի նախագահին նվիրել էին Սաուդիան Արաբիայի, Պակիստանի, Կատարի, Քուվեյթի ներկայացուցիչները: Մասնավորապես, վաճառքի են հանվել ադամանդե վզնոց, որը նվիրել էր Պակիստանի նախագահը, և Կատարի էմիրի կողմից տրված մատանի:
Ընդհանուր առմամբ աճուրդից հաջողվել է հավաքել շուրջ 200 հազար ֆունթ սթերլինգի համարժեք գումար, որից 70 հազարը ստացվել է Montblanc պլատինե փետուրե գրչից: Գրիչը ստեղծվել է 1930-ական թթ. Չարլի Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմի էկրան բարձրանալու կապակցությամբ: Աշխարհում կա Montblanc-ի 88 նման գրիչ: Թե որ պետության ներկայացուցչին է Ահմադինեժադին նման նվեր մատուցել, չի հստակեցվում:
Աճուրդում ստացված գումարով կառուցվելու է 100 բնակարան պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար, կացարաններով են ապահովվելու նաև այրիները և միայնակ մայրերը:
Սա առաջին բարեգործական աճուրդը չէ, որում վաճառվում է Ահմադինեժադի կարողությունը: 2011թ. աճուրդի էր հանվել 1986թ. Peugeot 504 ավտոմեքենան, որի նախնական գինը կազմում էր մեկ միլիոն դոլար: Աճուրդի փակվելու պահին գինը հասել էր 2.5 միլիոն դոլարի: Մեքենայի գնորդի անունը հայտնի չէ:












































