Ամառային այս սեզոնին, և ոչ միայն ամռանը, հաճախ կարող ենք ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից գեղեցիկ ճառեր լսել Հայաստանի տուրիստական ներուժի, ավանդույթների, պատմամշակութային ժառանգության և այլ ասպեկտների մասին: Այս համատեքստում հաճախ է խոսվում նաև թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակներում Գյումրու ունեցած կարևորության մասին: Սակայն իրականությունը Գյումրու առումով, որպես տուրիստական գոտու, այնքան էլ հուսադրող չէ, քանի որ թերի են նվազագույն ենթակառուցվածքներն ու ատրիբուտները, որոնք պետք է որ գրավիչ դարձնեն Գյումրին որպես տուրիստական կենտրոն:
Տուրիստը Գյումրի մուտք գործելիս առաջինը տեսնում է հենց աղբով լի աղբամանները՝ որպես հյուրընկալության առաջնային ասպեկտ:
Հայտնի է, որ քաղաքի աղբահանությունը կարգավորվում է մասնավոր ընկերությունների կողմից, որոնք սույն ծառայությունը մատուցում են մրցութային պայմաններով տենդեր շահելով: Ու թե որքան է այս ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը, կարելի է կարծիք կազմել քաղաքի մուտքից սկսած:
Իհարկե, սա միայն տեղական մակարդակով է: Իսկ թե լի աղբամանները որքանով են համապատասխանում մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ հռչակված տուրիզմին՝ կարելի է միայն եզրակացնել:











































