Ինովացիոն միտքը Արևմուտքից գնացել է Արևելք, և դա արդեն նորություն չէ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց D-Link ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը, ինովացիոն գաղափարների մոտ 70%-ն այսօր ծնվում է Չինաստանում: Մենք Չինաստանը պատկերացնում ենք որպես էժան հումքի, էժան աշխատուժի երկիր, բայց դա հիմա վերջացել է, և այնտեղ զարգանում են ինովացիոն տեխնոպարկերը, ինովացիոն կենտրոնները, ու դրանք հսկայական չափերի են հասնում:
Հարցին՝ այդ դեպքում սխա՞լ էր ԱՄՆ Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչություն բացելը, Ա. Շահնազարյանը պատասխանեց, որ ոչ, ՀՀ համար դա այս պահին ահրաժեշտություն էր՝ հատկապես արդյունքի առումով, բայց գաղափարական առումով առաջատարը Արևելքն է: ԱՄՆ դեռ շարունակում է ամենամեծ շուկան մնալ սպառման առումով, թեև որոշ ժամանակ անց Չինաստանը դա էլ է գերազանցելու: Ներկայում ՀՀ-ի համար ավելի հեշտ է գործել ԱՄՆ-ում, իսկ Չինաստանում լեզվական ու սփյուռքի բացակայության խնդիր կա:
«Մենք մեզ ներկայացնելու խնդիր ունենք. ԱՄՆ-ում, Եվրոպայում դա կարծես թե ստացվում է, իսկ Չինաստանում մի քիչ ավելի համակարգված աշխատանքի կարիք ունենք: Այնտեղ տարեկան 4 խոշոր ինովացիոն ցուցահանդես է տեղի ունենում, որտեղ չինացիներն ու ամբողջ աշխարհն է հավաքվում: Մենք այնտեղ երբեք չենք ներկայացվել: Ինձ թվում է՝ ժամանակն է արդեն տարին մեկ անգամ ֆինանսավորել մի խմբի, վարձել մի տաղավար՝ այդքան մեծ ծախս չէ»,- ասաց Ա. Շահնազարյանը՝ նշելով, որ պատրաստվում է հարցը օրակարգ մտցնել:
ՀՀ օրենսդրության բացերի պատճառով մոտ կես տարով հետաձգվեց Դ-Լինկի՝ Գյումրիի տեխնոպարկի տարածքում Հետազոտությունների և փորձարարական կենտրոնի բացումը, սակայն խնդիրն այժմ կարգավորված է և նախատեսվում է, որ այս տարի հոկտեմբերին շինության կմախքը պատրաստ կլինի, իսկ եղանակային պայմաններից կախված՝ մյուս տարի փետրվարին կամ մարտին կենտրոնը պատրաստ կլինի: Ամեն դեպքում Դ-Լինկի մասնաճյուղը Գյումրիում արդեն գործում է տեխնոպարկի տարածքում և այս տարի Հնդկաստանից Դ-Լինկի ամբողջ հետազոտական կենտրոնի ՀՀ տեղափոխվելու կապակցությամբ ծրագրվում էր 900 դոլար աշխատավարձով 107 աշխատատեղ բացել՝ կեսը՝ Երևանում, կեսը՝ Գյումրիում: Սակայն, ըստ Ա.Շահնազարյանի, մասնագետների սղության պատճառով այդ թիվը կրճատվել է մինչև 60-65: Ընդհանուր առմամբ՝ առաջիկա 2 տարում նախատեսվում է ստեղծել մոտ 250 աշխատատեղ:
Մեր հարցին՝ թե որքան է չափվում 1 աշխատողի ատադրած ավելացված արժեքը, Ա.Շահնազարյանը պատասխանեց, որ Դ-Լինկը ՀՀ-ում շահույթ չհետապնդող կառույց է, զբաղվում է ծրագրային մշակումներով, բայց այդ հաշվարկի համար հարկավոր է նշված աշխատավարձի չափը բազմապատկել 3-ով:
Ա.Շահնազարյանի բնորոշմամբ՝ Դ-Լինկը կատարում է Չինաստան-Հայաստան կամրջի դեր, և բազմանշանակ ակնարկեց, որ առաջիկայում շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, բայց չմանրամասնեց, թե ինչ: Նա հույս հայտնեց, որ այս տարվա 2-րդ կեսին արձագանքներ կլինեն՝ թայվանական և չինական հայտնի երկու նոր ընկերությունների՝ ՀՀ մուտք գործելով:
«Կրթական համակարգի հետ կապված, մենք պատրաստ ենք հենց հիմա Շինչուի տեխնոպարկում գտնվող համալսարանի տեխնոլոգիաները բերել ՀՀ, բայց տեխնոլոգիան բերելը քիչ է, միջավայրի առումով հարթակ պետք է լինի: Ես չեմ պատկերանցում, որ մեր բուհական միջավայրում ներդնենք զարգացած կրթական տեխնոլոգիա: Այն չի աշխատի, ավելի վատ արդյունք կլինի, կհիասթափվեն: Ահավոր դիմադրության խնդիր կա, դա կառավարության խնդիրը չէ, այլ մեր բուհերի միջին ու բարձր օղակների խնդիրն է՝ դժվար է ընդունել, որ արդեն մոտ 20 տարի սխալ ես աշխատում»,- ասաց Ա. Շահնազարյանը:









































