Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Աբրահամ Խլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա և վերաքննիչ քրեական դատարանում ընտանեկան բռնությանը վերաբերող այս գործը քննվել է դռնփակ պայմաններում:
Ամբաստանյալ Աբրահամ Խլոյանը կնոջը ոչ միայն պարբերաբար ծեծի ու բռնությունների է ենթարկել, այլև նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ:
Քանի որ դռնփակ քննության դեպքում դատական ակտը, միևնույնն է, հրապարակվում է դռնբաց կարգով, այսօր վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ընթերցվեց հրապարակայնորեն:
Մինչև երեք դատավորները խորհրդակցական սենյակից դուրս կգային, դահլիճ բերվեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Խլոյանը:
Ընտանեկան բռնակալության համար դատապարտվող այս 30-ամյա տղամարդը փոքրամարմին էր՝ դեմքի կասկածամիտ արտահայտությամբ ու քննախույզ հայացքով:
Նա հարևանցի հայացքներ էր նետում տուժողի տեղում նստած կնոջ ուղղությամբ: Եթե իր տան պատերի ներսում Աբրահամն իրեն այս կնոջ տերն էր պատկերացրել՝ նրան ծեծելու, ստորացնելու, ցավ ու տառապանք պատճառելու առումով, ապա հիմա փորձում էր մեղադրական «թեքում» տալ հայացքին, այսինքն՝ սա՞ էր քո ուզածը, քո պատճառով եմ այս վիճակում:
Աբրահամ Խլոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նրա դատապարտող հայացքի իմաստը սեփական մեղքը չգիտակցելուց էր գալիս: Իր ներքին տպավորությամբ՝ ինքը ոչ թե հանցավոր արարքի համար դատապարտվող էր, այլ կնոջ քմահաճույքի «արժանապատիվ» զոհ:
Այն, ինչ Խլոյանը կատարել է իր երեխայի մոր նկատմամբ, միգուցե «արժանի» է եղել իր պատկերացրած «լավ» տղամարդուն: Միգուցե ծեծել է անպաշտպան կնոջն ու ներքուստ ոգևորվել իր ուժով և ամենակարողությամբ: Սակայն նրա գործադրած բռնությունները, որոնց համար քրեական պատասխանատվության է ենթարկվում, ոչ միայն հակաօրինական, այլև հակաբարոյական են, անպատվաբեր՝ հենց բռնացողի համար, ոչ տղամարդավայել են ու ոչ մարդկային:
Կնոջ հետ նույն հարկի տակ ապրել չցանկանալը, նրան, թեկուզև, բոլորովին չսիրելը, արհամարհելը իրավունք չեն տալիս ծեծ ու ջարդի, սեռական բռնության և նվաստացման ենթարկելու նրան:
Համատեղ ամուսնական կյանքից մեկ երեխա ունենալու պարագայում երիտասարդ այս տղամարդը կարող էր պարզապես բաժանվել կնոջից, քաղաքակիրթ ընթացք տալ իրենց հետագա հարաբերություններին, գոնե հանուն իր երեխայի՝ չտրվել մութ ու դաժան բնազդներին, պահպանել մարդկային դեմք ու վերաբերմունք:
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ 2012 թվականի փետրվարի 11-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Աբրահամը փոշեծծչի խողովակով մի քանի անգամ հարվածել է անկողնում հիվանդ պառկած կնոջ սրունքներին, որովհետև նա «բարեհաճել էր» հիվանդանալ ու անկողին ընկնել Աբրահամի եղբոր հարսանիքի օրերին:
Փետրվարի 21-ին նա կնոջ գլխին ու ծոծրակի շրջանին բռունցքներով հարվածել է, որովհետև այդ առավոտ կնոջ հայրը, տեսնելով, որ ցուրտ եղանակին Աբրահամը երեխայի հետ ոտքով ինչ-որ տեղ է գնում, դիտողություն է արել, որ հիվանդ երեխային այդ ցրտին դուրս է բերել, ու նրանց Աբրահամի հայրական տուն է տարել իր մեքենայով:
Աներոջ ծնողական դիտողությունից Աբրահամը խիստ վիրավորվել է, այդ դիտողությունը միջամտություն համարել իր ընտանեկան գործերին:
Հետո էլ երեկոյան ամբողջ զայրույթը թափել է կնոջ վրա՝ բռնցքահարելով նրան:
Պարբերաբար ծեծի ենթարկվելուն սովոր կինը այս անգամ զանգել ու կանչել է ծնողներին: Աբրահամը վիճաբանել է աներոջ հետ:
Վախենալով, որ Աբրահամը իր հորն էլ կծեծի, կինը խոհանոցից երկու դանակ է վերցրել, պահել Աբրահամի ուղղությամբ և ասել, որ նա հորը չմոտենա, թե չէ ինքը կխփի դանակով:
Ծնողներն իրենց աղջկա վրա են բարկացել՝ այդ հանդգնության համար: Կինը դանակները ցած է դրել: Աբրահամը նրան հրել, գցել է հատակին և ասել՝ գնացեք իմ տանից, «տունս դարձրել եք դվոռ»:
Կինը գնացել է ծնողների տուն: Աբրահամը, պարզ է, թույլ չի տվել, որ երեխային էլ տանի: Փետրվարի 21-ից 26-ը կինը մնացել է ծնողների տանը, բայց երեխայի կարոտը ստիպել է, որ հորեղբոր հետ վերադառնա Աբրահամի մոտ:
Հորեղբայրը բարոյախրատական զրույց է ունեցել, երիտասարդ ամուսիններին սեր ու միություն մաղթել և գնացել:
Երբ ամուսինները մնացել են մենակ, Աբրահամը կնոջը ծեծել է բռունցքներով, «ժնջիլով», աթոռով:
Կեսգիշերին տան տղամարդը պառկել է քնելու՝ ծեծված կնոջը պատվիրելով տան գործերն անել:
Ժամը 3-ին Աբրահամն արթնացել է, տեսել՝ կինը գլուխը կախ արդուկ է անում: Դա Աբրահամի մեջ ուժերի հորդում է առաջացրել:
Նա կնոջը կանչել է ննջարան, պատվիրել, որ շորերը հանի, ապա բռնության գործադրումով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ գործողություններ:
Գործի քննության ընթացքում Աբրահամն ասել է, թե կինը կամավոր է կատարել ամեն բան, իսկ ինքը այդպես է վարվել նրան ստորացնելու համար, որովհետև հետը չէր ապրելու, չէր ներելու, որ դանակ է պահել իր վրա:
Ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկված կինը առավոտյան աշխատանքի է ներկայացել, երեկոյան կրկին Աբրահամի տուն գնացել այն հույսով, որ տատիկի տանը գտնվող երեխան այնտեղ կլինի:
Բայց Աբրահամի դուռը փակ է եղել կնոջ առաջ:
Այսքանից հետո միայն կինը ամեն բան պատմել է ծնողներին, ապա և դիմել իրավապահներին:
Այսքանից հետո դեռ Աբրահամն է հանդիմանանքով նայում դատարանում նստած կնոջ ուղղությամբ:
Մեկ տարի նա արդեն կալանքի տակ է, բայց մտածողությունը, դատելով դեմքի արտահայտությունից, բոլորովին փոփոխության չի ենթարկվել: Ու, հնարավոր է, չի էլ ենթարկվի: Իր դաժանությունը «բնական» համարելով՝ Աբրահամը, միգուցե, պատժի կրման ամբողջ ընթացքում և հետագա ամբողջ կյանքում հենց կնոջը մեղադրի իր դատապարտման համար:
Ընդհանուր իրավասության դատարանը, 2012 թվականի նոյեմբերի 9-ի դատավճռով մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչելով Աբրահամ Խլոյանին, դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մարտի 2-ից:
Դատավճիռը բողոքարկել է Խլոյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով որոշ հոդվածներով արդարացնել իր պաշտպանյալին, դադարեցնել քրեական հետապնդումը, նրան մեղավոր ճանաչել միայն ծեծի ու բռնության գործադրման համար՝ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և սահմանել մեղմ պատիժ:
Վերաքննիչ քրեական դատարանը Աբրահամ Խլոյանի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:
Կինը դեռ պիտի պայքարի՝ հանուն իր երեխային պահելու իրավունքի, իսկ Աբրահամը դեռ ժամանակ ունի իր արարքները ծանրութեթև անելու, հանուն երեխայի հոգեկան խաղաղության ու արժանապատիվ կյանքի՝ իր վերաբերմունքը վերանայելու համար:





































