ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը կալանավորել է 4 բայքերի այն բանից հետո, երբ նրանք արգելափակել են ավտոմայրուղին, որ իրենցից մեկը կարողանա իր ձեռքն ու սիրտը առաջարկել սիրած կնոջը։ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Հասարակական կարգը խախտելու գլխավոր մեղավորը 24-ամյա փեսացու Հեկտոր Մարտինեսն է եղել, ով մեղադրվում է արագությունը գերազանցելու մեջ:
Գրեթե 250 մոտոցիկլավարներ Քովին քաղաքի մոտակայքում մի քանի րոպեով ամբողջությամբ կասեցրել են երթևեկությունը, ինչից հետո Մարտինեսի մոտոցիկլետի խողովակից դուրս է եկել վարդագույն ծուխ, ու նա ծնկի իջնելով՝ մատանի է նվիրել իր սիրած աղջկան, ով ուրախությամբ ընդունել է առաջարկությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեռ հունվարին, սակայն ոստիկաններին միայն հիմա է հաջողվել հայտնաբերել օրինախախտին շնորհիվ համացանցում տեղադրված տեսանյութի:







































