2013 թ. փետրվարի վերջին օրը Սուրբ գահի պաշտոնից հրաժարական տված Բենեդիկտոս 16-րդը նոր Հռոմի Պապի երդմնակալության արարողությանը մասնակցելու ցանկություն չի հայտնել։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է lifenews.ru-ն, այսօր Պապի կոնկլավի անցկացմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
«Որքան ինձ հայտնի է, Բենեդիկտոս 16-րդը չի մասնակցի պապական թագադրմանը»,- ասել է նա:
Ավելի վաղ Պապն իր նախկին ենթականերին վստահեցրել էր, որ չի ցանկանում ոչ մի կերպ ազդել Վատիկանի իրադարձությունների վրա ու մտադիր է եկեղեցուն ծառայել միայն աղոթելով:
Բենեդիկտոս 16-րդը մի քանի ամիս կանցկացնի Հռոմի մերձակա ամառանոցային նստավայրում, ապա բնակություն կհաստատի Վատիկանի՝ կանանց մենաստանում:









































