Խորվաթիայի խորհրդարանը մարտի 13-ին հավանություն է տվել Գոլանի բարձունքներից իր 100 խաղաղապահներին դուրս բերելու որոշմանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը հայտարարել է, որ զորքերի դուրսբերումը տեղի կունենա արդեն «շատ շուտով», սակայն հրաժարվել է կոնկրետ օր նշել:
Զագրեբը որոշել էր Գոլանի բարձունքներից դուրս բերել իր խաղաղապահներին դեռ փետրվարի վերջին, երբ The New York Times թերթը գրեց, որ Սաուդյան Արաբիան սիրիացի ապստամբներին մեծ քանակությամբ խորվաթական զենք է տվել: Այդ հրապարակումը, ըստ Խորվաթիայի ղեկավարության, խաղաղապահների անվտանգության համար կարող է խնդիրներ ստեղծել:
Խաղաղապահների՝ տարածքը լքելու համար դիվանագիտական փաստարկ պետք է դառնա վերջերս 20 ֆիլիպինցի խաղաղապահների առևանգումը, որոնք Գոլանում կատարում էին նույն խնդիրը, ինչ խորվաթները:
Ավելի վաղ Գոլանի բարձունքներից իրենց խաղաղապահներին դուրս բերելու մասին էին հայտարարել Ավստրիան և Ճապոնիան:









































