Կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոն Վատիկանը վերջին մի քանի օրերին հայտնվեց հայ հասարակության ուշադրության կենտրոնում ոչ այն պատճառով, որ կոնկլավը Հռոմի նոր պապ պիտի ընտրեր, այլ` որ այնտեղ Հայաստանի դեսպան նշանակվեց նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Թե ինչու հենց նա նշանակվեց այդ պաշտոնին, դիվանագիտական ինչ հմտություններ ունի` քննարկման այլ հարց է: Տվյալ պարագայում ուշադրության արժանի է հետևյալ հարցը` արդյոք Հայաստանին անհրաժե՞շտ է Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:
Նախ՝ Վատիկանի մասին մի փոքր պատմական-տեղեկատվական ակնարկ: Վատիկանը պապական քաղաք-պետություն է Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Այն աշխարհում ամենափոքր պետությունն է, ունի ընդամենը 44 հեկտար տարածք: Վատիկանի մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ` ներառյալ Վատիկանի հպատակություն ունեցող 400 անդամները։ Վատիկանը պետության կարգավիճակ է ստացել Մուսոլինիի օրոք՝ 1929թ. հատուկ հրովարտակով: Այժմ այն համարվում է հարուստ պետություն, որի տնտեսական հիմքը կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն են ու հավատացյալների նվիրատվությունները։ Այսինքն` Վատիկանը այլ երկրներում ներդրումներ կատարող պետություն է: Հանգամանք, որ կարելի է օգտագործել, եթե, իհարկե, Հայաստանն ի դեմս նորանշանակ դեսպանի կարողանա Վատիկանից ներդրումներ ներգրավել:
Փաստորեն, Վատիկանը երկակի կարգավիճակ ունի՝ որպես կաթոլիկ աշխարհի կրոնական կենտրոն և որպես պետություն: Երկու դեպքում էլ Վատիկանի առաջնորդը Հռոմի պապն է: Այնտեղ դեսպան նշանակելով` Հայաստանը պետության հետ է դիվանագիտական հարաբերություններ զարգացնում: ՀՀ հոգևոր կենտրոն Էջմիածինը Վատիկանի հետ առանձին հարաբերություններն ունի: Հիշեցնենք, որ հենց այդ հարաբերությունների շրջանակում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը այցելեց Հայաստան:
Վատիկանում աշխարհիկ բնակչություն չկա, այնտեղ հիմնականում կաթոլիկ հոգևորականներ են ապրում: Այն աշխարհի միակ երկիրն է, որտեղ իգական սեռի բնակիչներ չկան, քանի որ ավանդաբար հոգևոր պաշտոնները տղամարդիկ են զբաղեցնում: Նույնիսկ սպասարկող անձնակազմը կամ նրանց ճնշող մեծամասնությունն ապրում է Հռոմում: Վատիկանը բանակ չունի, բայց ունի շվեյցարական փոքրաթիվ զորախումբ, որը պաշտպանում է իր անվտանգությունը:
Վատիկանում հավատարմագրված դեսպանները դիվանագիտական աշխարհում բավականին ազդեցիկ դիվանագետներ են: Ընդունված է, որ որևէ երկրում նշանակված դեսպանի՝ այլ դեսպանների հետ պաշտոնական հանդիպումներում առաջնային է Վատիկանի դեսպանի հետ հանդիպումը: Վատիկանը նույնպես դեսպաններ ունի ամբողջ աշխարհում: Հայաստանում Վատիկանի դեսպանի նստավայրը Թբիլիսիում է: Ի դեպ, մինչ օրս, ավելի կոնկրետ` մինչ Մ. Մինասյանի նշանակումը Հայաստանը Վատիկանում դեսպաններ ունեցել է համատեղության կարգով: Այդ պաշտոնը վերջին անգամ համատեղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը: Համատեղության կարգով Վատիկանում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարել է նաև գործող արտգործնախարար, Ֆրանսիայում նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Ավելի վաղ Վատիկանում դեսպան էր նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ում նստավայրը եղել է Լոնդենը: Անշուշտ, ապագայում կերևա, թե նորանշանակ դեսպան Մ. Մինասյանը դիվանագիտական ինչ հմտություններ ունի:
Հավելենք, որ Վատիկանում նշանակված դեսպանների նստավայրը Վատիկանը չէ. այդ փոքր քաղաք-պետությունը ֆիզիկապես ի վիճակի չէ դեսպանություններին տարածք հատկացնել: Վատիկանում նշանակված դեսպանների նստավայրը կարող է լինել ամենատարբեր երկրներում, բայց ոչ Իտալիայում կամ դեսպանություն բացող երկրում: Հայաստանի դեպքում կարծես թե բացառություն է արվել և նստավայրը Վատիկանում է թույլ տրվել: Համենայնդեպս նախագահի հրամանագրում է այդպես նշված: Սակայն չի բացառվում, որ Մ.Մինասյանը կարող է մնալ նաև մեր երկրում:
Բուն նշանակումը հետաքրքիր է այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը Վատիկանում ոչ թե համատեղության կարգով, այլ հատուկ դեսպան է նշանակում: Կարելի է եզրակացնել, որ մեր երկիրն ինչ-ինչ պատճառներով կարևորում է այնտեղ առանձին դեսպան ունենալը: Ինչո՞ւ է ՀՀ-ն կարևորում այդ հանգամանքը: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անկախ ամեն ինչից գտնում է, որ ՀՀ համար Վատիկանում դեսպան ունենալը ոչ թե կարևոր է, այլ շատ կարևոր է: Նա գտնում է, որ ճկուն դիվանագիտության դեպքում այն կարող է շատ մեծ դեր խաղալ ընդհանրապես միջպետական հարաբերություններում, և Վատիկանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցել լուրջ հիմքերի վրա: Նրա խոսքերով, Ռուսաստանն, օրինակ, Վատիկանում ավանդաբար դեսպաններ է նշանակում լավագույն դիվանագետներին:
Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նույնպես շատ կարևոր է համարում Վատիկանում առանձին դեսպան ունենալը: Նրա խոսքերով, եթե թեկուզ ՀՀ դեսպանը կարողանա Վատիկանի դիվանագիտական խողովակներով ինչ-որ հայտարարություն տարածել, կամ եթե կարողանա այնքան ճկուն լինել, որ Հռոմի պապը Հայաստանի մասին որևէ դրական հայտարարություն կամ գրառում անի, ապա դա միջազգային քաղաքական ասպարեզում բավականին մեծ ազդեցություն կունենա: Վատիկանը թեև փոքրիկ պետություն է, բայց համաշխարհային թե՜ աշխարհիկ, թե՜ կրոնական քաղաքականության մեջ ազդեցիկ դիրք ունի: Նշենք, որ աշխարհի մոտ 1 մլրդ բնակչություն կաթոլիկ է:











































