Նիդերլանդների կառավարությունը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «սահմանափակ»-ից մինչև «էական»: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման որոշման պատճառ է հանդիսացել պատերազմը Սիրիայում:
Երկրի կառավարությունում մեկնաբանել են, որ Նիդերլանդների շատ քաղաքացիներ մեկնել են Սիրիա՝ ընդդիմության կողմից կռվելու համար: Լուրջ մտավախություններ կան, որ նրանք տուն կվերադառնան ավելի մոլեռանդ դարձած:
Առաջիկա երկու ամիսներին Հոլանդիայի կառավարությունն ակնկալում է հարյուրհազարավոր զբոսաշրջիկների այցելություն, որոնք կցանկանան իրենց աչքերով տեսնել Վիլյամ-Ալեքսանդրի գահակալության միջոցառումը:
Նշենք, որ Նիդերլանդներում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բաղկացած է չորս աստիճանից: «Էական»-ը երկրորդ մակարդակն է, որին հետևում է «ճգնաժամային»-ը:





































