Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է հուլիսի 14-ին Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի իրագործման հարցը։
Հանդիպման ժամանակ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ամբողջովին պատրաստ է և որոշել է նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում. «Ես ԵՄ-ի անունից վստահեցնում եմ, որ մենք միասնական ենք և կատարելապես աջակցում ենք այդ համաձայնագրին, և ես՝ որպես միացյալ հանձնաժողովի անդամ, կանեմ ամեն հնարավոր բան՝ վերահսկելու համար այդ համաձայնագրի յուրաքանչյուր քայլի ճիշտ և օպերատիվ կատարումը»։
Ռուհանին իր հերթին հայտարարել է, որ Իրանն ու ԵՄ-ը կարող են Վիեննայի համաձայնագրի գործարկումից հետո զարգացնել իրենց համագործակցությունը քաղաքական, մշակութային, տեխնոլոգիական ու գիտական ոլորտներում։ Ռուհանիի խոսքով՝ «վեցյակի» հետ ձեռք բերված կարևոր համաձայնագիրն ապագայում իր ազդեցությունը կունենա նաև տարածաշրջանային հարաբերությունների վրա։







































