Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սյունիքի մարզի Սևքար, թե Սևաքար գյուղում եկեղեցի է փլվել…Շատ վատ է և պատիվ չի բերում մեզ` բոլորիս: Իսկ ովքե՞ր են մեղավոր:
Առաջին հերթին գյուղապետը, մարզպետը, Սյունիքի թեմի առաջնորդը: Իհարկե նաև մշակույթի նախարարությունը, կաթողիկոսարանի համապատասխան ծառայությունները, զանազան հիմնադրամները, պատմա-հնագիտական հուշարձանների պահապան-ակտիվիստները և նաև բնապահպանները:
Ինձ մոտ տպավորություն է, որ առհասարակ բնապահպանական և այլ շատ շարժման ակտիվիստները, կարծես թե պայքարում են ընտրողաբար, հաշվենկատ, հաշվի առնելով, թե ով է տվյալ խախտման կամ շինարարության իրականացնողը…
Բացառությամբ Թռչկանի, կարծես ես այլ որևէ նման «անշահախնդիր» պայքար չեմ հիշում: Մաշտոցի պուրակի պահպանմանը կողմնակից եմ եղել, միշտ էլ ասել եմ այդ մասին: Սակայն, այդ պայքարը չէր լինի, այդքան արձագանք չէր ստանա, եթե այդ բուտիկների տերերը բոլորին հայտնի դեմքերը չլինեին:
«Փակ շուկան» իմ կարծիքով պատմամշակութային մեծ արժեք չի ներկայացնում իրենից, բացառությամբ թերևս նրա ճակատային հատվածը: Բնապահպան-մարիամախոտերը այդքան չէին սևեռվի այդ կառույցի վրա, եթե դրա հետևում չլիներ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը…Գրեթե համոզված եմ դրանում ու ինձ թվում է,որ ինչ-որ մարդիկ նաև ուղղորդում են այդ ամենը:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ աղմուկը, չգիտես ինչու այդքան մեծ արձագանք ստացավ, սակայն երբ Քոքոբելյանը ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից էր և այդ նույն գյուղի գետի վրա կառուցեց ՀԷԿ, ոչ մեկը այն ժամանակ չհիշեց բնապահպանական խնդիրների մասին…
Եվ այդպես շարունակ` Խոսրովի արգելոց, Քաջարան և այլն:
Ինչ է քիչ այլ բնապահպանական, պատմա-մշակութային խնդիրներ կան?…Շատ, նույնիսկ շատ-շատ: Բայց չէ, մենք սովոր ենք խնդիրներին ընտրողաբար վերաբերվել` ընտրողաբար քաղաքական գործիչ ենք, պետական պաշտոնյա, լրագրող, իրավապահ, մտավորական…»:










































